Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-26-ից մինչև 2026-08-03։Բացել գործող տեքստը
Գլուխ IV · (գլուխը խմբ. 24.10.24 ՀՕ-433-Ն)

Հոդված 32. Հատուկ միջոցներ գործադրելը

գործել է մինչև 2026-08-03Բացել ARLIS-ում

Հոդված 32. Հատուկ միջոցներ գործադրելը

1. Ոստիկանության ծառայողն իրավասու է գործադրելու սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հատուկ միջոցները, եթե դա անհրաժեշտ է՝

1) անձի, այդ թվում՝ ոստիկանության ծառայողի վրա կատարվող հարձակումը խափանելու կամ դրա իրական սպառնալիքը չեզոքացնելու համար,

2) իր լիազորություններն իրականացնող ոստիկանության ծառայողին կամ այլ իրավասու անձին ցույց տրվող դիմադրությունը ճնշելու համար,

3) զանգվածային անկարգությունները, ինչպես նաև հակաիրավական խմբակային այլ գործողությունները խափանելու համար,

4) պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների, ինչպես նաև հատուկ բեռների վրա կատարվող հարձակումը խափանելու համար,

5) ապօրինի պահվող անձանց, ապօրինաբար զբաղեցված շենքերը, շինությունները, տարածքներն ու այլ օբյեկտները, տրանսպորտային միջոցները ազատելու համար,

6) տրանսպորտային միջոցը կանգնեցնելու համար, եթե այն վարող անձը դիտավորյալ չի ենթարկվում ոստիկանության ծառայողի կամ այլ իրավասու անձի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու իրավաչափ պահանջին:

2. Որպես հատուկ միջոցներ կարող են գործադրվել՝

1) ձեռնաշղթաներ, կապող ցանցեր՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում,

2) մահակներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում,

3) ապակողմնորոշող լուսային և ձայնային ձեռքի նռնակներ, կրակոցներ և արկեր, ձեռքի ծխանռնակներ, ծխագլանակներ, ծխային կրակոցներ և արկեր՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում,

4) էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ, արցունքաբեր, գրգռիչ գազով ձեռքի սրվակներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում,

5) ծառայողական շներ (պահնորդական, հետախուզական, պարեկային)՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում,

6) արգելքներ քանդող գործիքներ (սարքեր) և տեխնիկա՝ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում,

7) մարդկանց և տրանսպորտային միջոցները հարկադրաբար կանգնեցնելու (արգելափակելու) տեխնիկական պատնեշներ, ճանապարհային ոզնիներ և փշալարեր՝ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում,

8) ջրանետեր, այդ թվում՝ հատուկ ներկող նյութերի օգտագործմամբ, զրահամեքենաներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերով նախատեսված դեպքերում,

9) արցունքաբեր, գրգռիչ գազով ձեռքի նռնակներ, կրակոցներ և արկեր, ռետինե գնդակներով փամփուշտներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված դեպքերում,

10) նույնականացնող կամ տարբերակող ներկող նյութեր՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված հատուկ միջոցները գործադրվում են ոստիկանության իրավասու ստորաբաժանման հրամանատարի հրամանով, իսկ նույն մասի 3-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված հատուկ միջոցները՝ միայն ոստիկանության պետի կամ նրա տեղակալի հրամանով:

4. Հատուկ միջոցի գործադրումն իրավաչափ է, եթե ֆիզիկական ուժի գործադրումն ակնհայտ անբավարար է սույն օրենքով նախատեսված պարտականությունները պատշաճ կատարելու կամ հարկադրանքի ավելի մեղմ միջոցների կիրառումն ապահովելու համար:

5. Ոստիկանության ծառայողն իրավասու է հատուկ միջոց գործադրելու նաև այն դեպքում, երբ սույն օրենքով հրազենի գործադրումն իրավաչափ է համարվում:

6. Հատուկ միջոցների տեխնիկական բնութագիրը, կիրառման կանոնները, պահպանման ժամկետները, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը սահմանում է Կառավարությունը:

7. Հատուկ միջոցները ոստիկանության ծառայողներին հատկացնելու, պահպանելու և դրանց պիտանիությունը պարբերաբար ստուգելու կարգը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։