Հոդված 12. Կացարանով ապահովելը
Հոդված 12. Կացարանով ապահովելը
1. Կացարանով ապահովելը սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձին (ընտանիքին) բնակելի տարածքով ապահովելու նպատակով սոցիալական ծառայության տրամադրումն է:
2. Կացարանը տրամադրվում է՝
1) օրենսդրությամբ սահմանված սոցիալական բնակարանային ֆոնդից՝ անհատույց կամ վարձակալական հիմունքներով՝
ա. բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված այն անձանց (ընտանիքներին), որոնք բնակվում են ժամանակավոր կացարանում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում, չունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն և չեն օտարել բնակարան (բնակելի տուն)` կացարանով ապահովելու համար հաշվառման վերցնելու և կացարան տրամադրելու ժամկետներին նախորդող հինգ տարիների ընթացքում,
բ. հրատապ արձագանք պահանջող՝ ռազմական կամ արտակարգ դրությամբ կամ արտակարգ իրավիճակով կամ անձի կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված այլ հանգամանքներով պայմանավորված իրավիճակներում հայտնված անձանց (ընտանիքներին).
2) որոշակի բնակության վայր չունեցող անձանց` որպես ժամանակավոր օթևան.
3) ընտանիքում բռնության ենթարկված անձանց` որպես «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով նախատեսված ապաստարան՝ մինչև 12 ամիս ժամկետով.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները բավարարող անձանց (ընտանիքներին)՝
ա. բնակարանի վարձակալության վարձավճարի ամբողջական կամ մասնակի հատուցման միջոցով,
բ. բնակարանի գնման պետական վկայագրի կամ հիպոտեկային վարկի մարմանն ուղղած ֆինանսական աջակցության միջոցով,
գ. նվիրաբերության միջոցով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով կարող են տրամադրվել՝
1) բնաիրային օգնություն` սննդի, հիգիենայի միջոցների, հագուստի, կոշիկի ձևով.
2) բժշկական օգնություն և սպասարկում.
3) սոցիալ-հոգեբանական օգնություն.
4) խորհրդատվական օգնություն.
5) այլ համարժեք սոցիալական ծառայություններ՝ ըստ անհրաժեշտության դրանք կազմակերպվում են մասնագիտական կազմակերպություններում (հանրակրթական, մասնագիտացված բժշկական հաստատություններում և այլն):
4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է՝
1) սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձին (ընտանիքին) կացարանով ապահովելու կարգը, չափորոշիչները, պայմանները, տրամադրման ժամկետները, հատուցելի պայմանագրերի գումարի չափը.
2) բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը.
3) սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված ժամանակավոր օթևանի տեսակները:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը իրավասու է արտահերթ կարգով ապահովելու կացարանով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են սահմանվել բնակարանային ապահովության ծրագրեր՝ ուղղված երիտասարդ ընտանիքներին, ներառյալ երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնողներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելուն:
(12-րդ հոդվածը խմբ. 13.12.17 ՀՕ-326-Ն, 09.06.22 ՀՕ-277-Ն)
(հոդվածը 12.04.24 ՀՕ-175-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից)