Հոդված 22. Անշարժ գույքի պետական ռեգիստրի ստորաբաժանումներ մուտքագրվող փաստաթղթերի ընդունման կարգը և դրանց նկատմամբ ներկայացվող պահանջները
Հոդված 22. Անշարժ գույքի պետական ռեգիստրի ստորաբաժանումներ մուտքագրվող փաստաթղթերի ընդունման կարգը և դրանց նկատմամբ ներկայացվող պահանջները
Պետական գրանցման նպատակով անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներ ներկայացված փաստաթղթերն ընդունվում են սեփականատիրոջ կամ օգտագործողի դիմումի հիման վրա և գրանցվում են դիմումների հաշվառման մատյանում: Մատյանում նշվում են ընդունված փաստաթղթերի ցանկը, դիմումի ընդունման օրը, ժամը, դիմողի տվյալները` համաձայն հավաստող փաստաթղթերի:
Դիմումին կցվում են նաև պետական գրանցման վճարի անդորրագիրը և սույն օրենքի 21 հոդվածով նախատեսված փաստաթղթերը` կազմված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Չեն ընդունվում մատիտով գրված, ջնջումներով փաստաթղթերը:
Ուղղումներով ներկայացված փաստաթղթերը կարող են ընդունվել, եթե դրանք վավերացված են համապատասխան ստորագրությամբ և կնիքով:
Փաստաթղթերը ներկայացվում են մեկ օրինակից` բնօրինակը կամ սահմանված կարգով հաստատված պատճենը:
Առանց սեփականատիրոջ կամ օգտագործողի համաձայնության, չեն ընդունվում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոփոխություններ, լրացումներ, դադարում առաջ բերող փաստաթղթերը, բացի հետևյալ դեպքերից`
ա) եթե գործարքը կատարվում է լիազորագրի հիման վրա.
բ) եթե գործարքը կատարում են խնամակալը, հոգաբարձուն կամ այլ օրինական ներկայացուցիչը.
գ) եթե փոփոխությունը կատարվում է դատարանի որոշումով, վճռով կամ դատավճռով.
դ) եթե իրավունքը փոխանցվում է այլ անձի` սեփականատիրոջ, օգտագործողի մահվան դեպքում` կտակի կամ ըստ օրենքի իրավահաջորդության հիման վրա:
Դիմումների հաշվառման մատյանի ձևը և վարման կարգը հաստատում է անշարժ գույքի պետական ռեգիստրը: