Հոդված 181. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու կարգը և հետևանքները
Հոդված 181. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու կարգը և հետևանքները
1. Առաջին ատյանի դատարանը հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին կայացնում է որոշում, որով լուծվում են նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման և հայցի ապահովման միջոցների վերացման հարցերը։
2. Հայցը կամ դիմումն առանձին պահանջի մասով առանց քննության թողնելու հիմքերի առկայության դեպքում առաջին ատյանի դատարանն այդ մասով առանձնացնում է գործի վարույթը և առանձնացված մասով հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության:
3. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո:
4. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:
5. Գործին մասնակցող անձինք հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող են բողոքարկել վերաքննիչ դատարան՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով:
6. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումը վերացվելու դեպքում գործի վարույթը շարունակվում է հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումը կայացնելու պահից:
⚖Հոդված 182. Գործի վարույթը կարճելու հիմքերը
1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե`
1) գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով.
2) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ, բացառությամբ հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշման.
3) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա են օրինական ուժ ստացած վճարման կարգադրություն, արբիտրաժի վճիռ կամ ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշում, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժի վճռի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու դեպքի.
4) գործին մասնակցող հայցվորի կամ պատասխանողի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը.
5) հայցը հարուցվել է մինչև հարուցումը մահացած պատասխանողի դեմ.
6) գործին մասնակցող իրավաբանական անձը լուծարվել է.
7) հայցվորը կամ դիմողը հրաժարվել է պահանջից.
8) վեճն ըստ էության սպառվել է.
9) դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը, ներառյալ` հաշտարարության արդյունքով կնքված հաշտության համաձայնությունը.
10) հաշտարարության արդյունքով կողմերը կնքել են հաշտության համաձայնություն, որտեղ նշել են առանց հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատելու գործի վարույթը կարճելու մասին.
11) հայցը ներկայացվել է սույն օրենսգրքի 140-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների խախտմամբ.
12) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
(հոդվածը 26.06.23 ՀՕ-226-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ նոտարական պալատի հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից)
(26.06.23 ՀՕ-226-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)