Հոդված 79. Հայցադիմումը վերադարձնելը
Հոդված 79. Հայցադիմումը վերադարձնելը
1. Դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե`
1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 73-րդ հոդվածի և 74-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված` հայցադիմումին առաջադրվող պահանջները, ինչպես նաև սույն օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պահանջը, եթե համապատասխան վիճարկվող ակտը կամ դրա պատճենը հնարավոր է ներկայացնել.
2) հայցադիմումը ստորագրված չէ, կամ այն ստորագրել է ստորագրելու լիազորություն չունեցող անձը կամ այնպիսի անձ, որի պաշտոնեական դրությունը նշված չէ.
3) չեն ներկայացվել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը, կամ նման միջնորդությունը մերժվել է.
4) մեկ հայցադիմումում միացված են մեկ կամ մի քանի պատասխանողին ուղղված` միմյանց հետ չկապված պահանջներ.
5) մինչև հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը հայցվորը դիմել է այն վերադարձնելու մասին.
6) լրացել է հայցադիմում ներկայացնելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետը, և չի ներկայացվել միջնորդություն այն վերականգնելու մասին:
2. Վարչական դատարանը հայցադիմումը վերադարձնելու մասին կայացնում է որոշում, որը հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի հետ եռօրյա ժամկետում ուղարկում է հայցվորին։
3. Վարչական դատարանը հայցադիմումը վերադարձնում է պատշաճ հիմնավորմամբ` նշելով բոլոր առերևույթ սխալները։
4. Հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը բողոքարկվելու և վերացվելու դեպքում հայցադիմումը համարվում է վարույթ ընդունված սկզբնական ներկայացման օրը։
5. Հայցադիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում, վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը։