Հոդված 113. Դատական վիճաբանությունները
Հոդված 113. Դատական վիճաբանությունները
1. Ապացույցների հետազոտման ավարտից հետո դատավարության մասնակիցներն իրավունք ունեն հանդես գալու ամփոփիչ ճառերով (դատական վիճաբանություններ)։
2. Սկզբում հանդես է գալիս հայցվորը, ապա՝ պատասխանողը, այնուհետև՝ երրորդ անձը:
3. Վարչական դատարանը կարող է ի սկզբանե սահմանել դատական վիճաբանությունների առավելագույն` դատավարության յուրաքանչյուր մասնակցի համար հավասար տևողություն։
⚖Հոդված 114. Դատաքննության ավարտը
1. Դատական վիճաբանություններից հետո դատական նիստը նախագահողը դատավարության մասնակիցներին հարցնում է, թե նրանք արդյոք չեն ցանկանում միջնորդություններ հարուցել։ Նման միջնորդությունների բացակայության դեպքում դատական նիստը նախագահողն ավարտում է գործի դատաքննությունը և հայտարարում է գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման վայրն ու ժամանակը։
2. Գործն ըստ էության լուծող դատական ակտը կազմում և ստորագրում է (են) գործը քննած դատավորը (կոլեգիալ կազմի դատավորները)։ Գործն ըստ էության լուծող դատական ակտը հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե սույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ:
3. Վեճն ըստ էության լուծելու դեպքում վարչական դատարանը կայացնում է վճիռ, իսկ սույն օրենսգրքով սահմանված դեպքերում` որոշում։
4. Վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնում է հանուն Հայաստանի Հանրապետության։
5. Գործն ըստ էության լուծող դատական ակտը պետք է լինի օրինական և հիմնավորված։ Գործն ըստ էության լուծող դատական ակտը հիմնավորվում է միայն դատական նիստում հետազոտված ապացույցներով։
6. Դատական նիստում հրապարակվում է գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասը, բացառությամբ սույն օրենսգրքի 18-րդ գլխով նախատեսված գործերով կայացված դատական ակտերի։
7. Հրապարակվելուց անմիջապես հետո գործն ըստ էության լուծող դատական ակտը հանձնվում է դատավարության մասնակիցներին։ Դատավարության մասնակիցներից որևէ մեկի ներկա չլինելու դեպքում գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինակը հրապարակման կամ դրան հաջորդող օրն ուղարկվում է նրան։
8. Եթե հայցադիմումը ներկայացրել են միաժամանակ 20-ից ավելի հայցվորներ, ապա դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու, ինչպես նաև այդ գործի վերաբերյալ ընդունված բոլոր դատական ակտերը սույն օրենսգրքով սահմանված կարգով դրանք կայացվելու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկում է հայցադիմումում նշված հաջորդականությամբ առաջին հինգ հայցվորներին։ Այս դեպքում դատական ակտը փակցվում է դատարանի շենքում՝ դատական ակտի կայացման օրվանից հետո՝ մեկ ամիս ժամկետով, ինչպես նաև հրապարակվում է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության ինտերնետային կայքում։ Հայցադիմում ներկայացրած հայցվորներից յուրաքանչյուրին տրամադրվում է դատական ակտը` համապատասխան գրավոր դիմումը դատարան ներկայացնելու օրվանից հետո՝ երեք օրվա ընթացքում:
(114-րդ հոդվածը լրաց. 05.05.21 ՀՕ-187-Ն)
(05.05.21 ՀՕ-187-Ն օրենքն ունի անցումային դրույթ)