Հոդված 113. Դատական վիճաբանությունները
Հոդված 113. Դատական վիճաբանությունները
1. Ապացույցների հետազոտման ավարտից հետո դատավարության մասնակիցներն իրավունք ունեն հանդես գալու ամփոփիչ ճառերով (դատական վիճաբանություններ)։
2. Սկզբում հանդես է գալիս հայցվորը, ապա՝ պատասխանողը, այնուհետև՝ երրորդ անձը:
3. Վարչական դատարանը կարող է ի սկզբանե սահմանել դատական վիճաբանությունների առավելագույն` դատավարության յուրաքանչյուր մասնակցի համար հավասար տևողություն։
⚖Հոդված 114. Դատաքննության ավարտը
1. Դատական վիճաբանություններից հետո դատական նիստը նախագահողը դատավարության մասնակիցներին հարցնում է, թե նրանք արդյոք չեն ցանկանում միջնորդություններ հարուցել։ Նման միջնորդությունների բացակայության դեպքում դատական նիստը նախագահողն ավարտում է գործի դատաքննությունը և հայտարարում է գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման վայրն ու ժամանակը։
2. Գործն ըստ էության լուծող դատական ակտը կազմում և ստորագրում է (են) գործը քննած դատավորը (կոլեգիալ կազմի դատավորները)։ Գործն ըստ էության լուծող դատական ակտը հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե սույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ:
3. Վեճն ըստ էության լուծելու դեպքում վարչական դատարանը կայացնում է վճիռ, իսկ սույն օրենսգրքով սահմանված դեպքերում` որոշում։
4. Վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնում է հանուն Հայաստանի Հանրապետության։
5. Գործն ըստ էության լուծող դատական ակտը պետք է լինի օրինական և հիմնավորված։ Գործն ըստ էության լուծող դատական ակտը հիմնավորվում է միայն դատական նիստում հետազոտված կամ սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով դատական նիստում հետազոտված համարված ապացույցներով։
6. Դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
7. Դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է դատավարության մասնակիցներին, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել։
8. Եթե հայցադիմումը ներկայացրել են միաժամանակ 20-ից ավելի հայցվորներ, ապա դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու, ինչպես նաև այդ գործի վերաբերյալ ընդունված բոլոր դատական ակտերը սույն օրենսգրքով սահմանված կարգով դրանք կայացվելու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկում է հայցադիմումում նշված հաջորդականությամբ առաջին հինգ հայցվորներին։ Այս դեպքում դատական ակտը փակցվում է դատարանի շենքում՝ դատական ակտի կայացման օրվանից հետո՝ մեկ ամիս ժամկետով, ինչպես նաև հրապարակվում է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության ինտերնետային կայքում։ Հայցադիմում ներկայացրած հայցվորներից յուրաքանչյուրին տրամադրվում է դատական ակտը` համապատասխան գրավոր դիմումը դատարան ներկայացնելու օրվանից հետո՝ երեք օրվա ընթացքում:
(114-րդ հոդվածը լրաց. 05.05.21 ՀՕ-187-Ն, խմբ. 23.12.22 ՀՕ-583-Ն, լրաց. 25.03.26 ՀՕ-109-Ն)
(23.12.22 ՀՕ-583-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
(05.05.21 ՀՕ-187-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(25.03.26 ՀՕ-109-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)