Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-12-30-ից մինչև 2025-07-16։Բացել գործող տեքստը
ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 17 · ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 101. Դատական սանկցիաները և դրանց կիրառման ընդհանուր կարգը

գործել է մինչև 2025-07-16Բացել ARLIS-ում

Հոդված 101. Դատական սանկցիաները և դրանց կիրառման ընդհանուր կարգը

(վերնագիրը խմբ. 09.02.18 ՀՕ-120-Ն)

1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված հիմքերով դատարանն իրավունք ունի վարչական դատավարությանը մասնակցող անձանց, ներկայացուցիչների և դատական նիստին ներկա այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները.

1) նկատողություն.

2) դատական նիստերի դահլիճից հեռացում.

3) դատական տուգանք.

4) իրավունքի իրականացման սահմանափակում:

2. Դատավորն անհրաժեշտության դեպքում հասկանալի ձևով նախազգուշացնում է դատական սանկցիա կիրառելու դատարանի իրավասության մասին, պարզաբանում դատական սանկցիա կիրառելու հիմքերը և հետևանքները:

3. Դատական նիստերի դահլիճում ներկա գտնվող անձի նկատմամբ սանկցիա կիրառելիս դատարանն անհրաժեշտության դեպքում նրան տալիս է արտահայտվելու հնարավորություն: Տուգանք կիրառելիս կամ վարչական դատավարությանը մասնակցող անձին դատական նիստերի դահլիճից հեռացնելիս արտահայտվելու իրավունք չտրամադրելը պետք է հիմնավորվի դատարանի կողմից:

4. Եթե անձն ընդունում է իր արարքի հակաիրավականությունը և հայցում դատարանի ներողամտությունը, ապա նշված անձի նկատմամբ դատական սանկցիա կարող է չկիրառվել:

5. Եթե դատական սանկցիայի ենթակա անձը չարաշահում է սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված իրավունքը և արտահայտվելու իրավունքն օգտագործում է դատական սանկցիայի կիրառման հիմք հանդիսացող արարքը շարունակելու կամ նոր արարք կատարելու համար, ապա դատավորն իրավասու է այդ անձի նկատմամբ կիրառելու առավել խիստ դատական սանկցիա:

6. Եթե դատարանը գտնում է, որ դատավարության մասնակիցը կամ դատական նիստին ներկա այլ անձը դատարանի նկատմամբ դրսևորել է այնպիսի վարքագիծ կամ կատարել է այնպիսի արարք, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն, ապա նրա նկատմամբ դատարանը կիրառում է դատական սանկցիա և դիմում է դատախազին քրեական գործ հարուցելու միջնորդությամբ:

7. Որպես ներկայացուցիչ հանդես եկող փաստաբանի նկատմամբ մեկ դատական վարույթի շրջանակում յուրաքանչյուր դատական ատյանում դատական տուգանք կարող է կիրառվել, եթե մինչև դատական տուգանքի կիրառման հանգեցնող արարքը կատարելը փաստաբանի նկատմամբ կիրառվել է առնվազն երկու այլ սանկցիա:

(101-րդ հոդվածը խմբ. 09.02.18 ՀՕ-120-Ն, լրաց. 04.12.24 ՀՕ-489-Ն)

(04.12.24 ՀՕ-489-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։