Հոդված 77. Հայցադիմումն ստանալուց հետո վարչական դատարանի կողմից կայացվող որոշումները
Հոդված 77. Հայցադիմումն ստանալուց հետո վարչական դատարանի կողմից կայացվող որոշումները
1. Հայցադիմումն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, վարչական դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) հայցադիմումը վարույթ ընդունելու մասին.
2) հայցադիմումը վերադարձնելու մասին.
3) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին.
4) հայցադիմումը վերահասցեագրելու մասին։
⚖Հոդված 78. Հայցադիմումը վարույթ ընդունելը
1. Հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը դատավորը լուծում է միանձնյա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի։ Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին վարչական դատարանը կայացնում է որոշում։
2. Վարչական դատարանը պարտավոր է հայցադիմումն ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում, վարույթ ընդունել սույն օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը, եթե առկա չեն սույն օրենսգրքի 79-81-րդ հոդվածներով սահմանված՝ հայցադիմումը վերադարձնելու, դրա ընդունումը մերժելու կամ այն վերահասցեագրելու հիմքերը։
3. Հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս վարչական դատարանն անդրադառնում է նաև փաստաթղթերին ծանոթանալու նպատակով դրանք վարչական դատարանում դեպոնացնելու վերաբերյալ կողմի միջնորդությանը և այն անհիմն համարելու դեպքում կարող է կայացնել սույն օրենսգրքի 79-րդ հոդվածով նախատեսված որոշումը։
4. Վարչական դատարանը հայցադիմումն ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում, հայցադիմումի ընդունումը չմերժելու, հայցադիմումը չվերադարձնելու կամ չվերահասցեագրելու դեպքում կայացնում է այն վարույթ ընդունելու մասին որոշում։
5. Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, վարչական դատարանն այդ որոշումը ուղարկում է դատավարության մասնակիցներին։
6. Վարչական դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը պատասխանողին ուղարկելու հետ միաժամանակ վերջինիս նախազգուշացնում է հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և չներկայացնելու իրավական հետևանքների մասին։
7. Վարչական դատարանն իրավունք չունի չընդունելու հայցադիմումը վարույթ սոսկ ձևական սխալների հիմքով։
(78-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-99-Ն, 23.12.22 ՀՕ-583-Ն)
(23.12.22 ՀՕ-583-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
⚖Հոդված 79. Հայցադիմումը վերադարձնելը
1. Դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե`
1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 73-րդ հոդվածի և 74-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված` հայցադիմումին առաջադրվող պահանջները, ինչպես նաև սույն օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պահանջը, եթե համապատասխան վիճարկվող ակտը կամ դրա պատճենը հնարավոր է ներկայացնել.
2) հայցադիմումը ստորագրված չէ, կամ այն ստորագրել է ստորագրելու լիազորություն չունեցող անձը կամ այնպիսի անձ, որի պաշտոնեական դրությունը նշված չէ.
3) չեն ներկայացվել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը, կամ նման միջնորդությունը մերժվել է.
4) մեկ հայցադիմումում միացված են մեկ կամ մի քանի պատասխանողին ուղղված` միմյանց հետ չկապված պահանջներ.
5) մինչև հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը հայցվորը դիմել է այն վերադարձնելու մասին.
6) լրացել է հայցադիմում ներկայացնելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետը, և չի ներկայացվել միջնորդություն այն վերականգնելու մասին.
7) սույն օրենսգրքով նախատեսված դեպքում վարչական ակտը չի բողոքարկվել (գանգատարկվել) վարչական կարգով:
2. Վարչական դատարանը հայցադիմումը վերադարձնելու մասին կայացնում է որոշում, որը հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի հետ եռօրյա ժամկետում ուղարկում է հայցվորին։
3. Վարչական դատարանը հայցադիմումը վերադարձնում է պատշաճ հիմնավորմամբ` նշելով բոլոր առերևույթ սխալները։
4. Հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը բողոքարկվելու և վերացվելու դեպքում հայցադիմումը համարվում է վարույթ ընդունված սկզբնական ներկայացման օրը։
5. Հայցադիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում, վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը։
(79-րդ հոդվածը լրաց. 23.10.19 ՀՕ-207-Ն, փոփ. 09.12.19 ՀՕ-306-Ն, լրաց. 09.07.20 ՀՕ-356-Ն)
⚖Հոդված 80. Հայցադիմումի ընդունումը մերժելը
1. Վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե`
1) հայցը ենթակա չէ դատարանում քննության.
2) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և նույն հիմքերով առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ.
3) այլ դատարանի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ.
4) հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը.
5) սույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում հայցվորը չի վերացրել հայցադիմումի այնպիսի սխալները, որոնց չվերացնելն արգելք է գործի քննության համար.
6) լրացել են հայցադիմում ներկայացնելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները, իսկ ժամկետները վերականգնելու մասին միջնորդությունը վարչական դատարանը մերժել է.
7) առկա է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքը:
2. Անձը գործի հարուցումը մերժելուց հետո չի կարող նույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով կրկին դիմել վարչական դատարան, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերի։
3. Վարչական դատարանը հայցադիմումի ընդունումը մերժելու մասին կայացնում է որոշում, որը եռօրյա ժամկետում ուղարկվում է հայցվորին, պատասխանողին, իսկ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում են հայցվորին։
4. Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը վերացվելու դեպքում դատարանը հայցադիմումն ընդունում է վարույթ, եթե բացակայում են սույն օրենսգրքով նախատեսված հայցադիմումը վերադարձնելու հիմքերը: Այս դեպքում հայցադիմումը համարվում է դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:
(80-րդ հոդվածը փոփ., խմբ. 02.05.24 ՀՕ-220-Ն)
(02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
⚖Հոդված 81. Հայցադիմումի վերահասցեագրումը
1. Վարչական դատարանը, գործի քննության ցանկացած փուլում պարզելով, որ տվյալ հայցադիմումի պահանջն ընդդատյա չէ իրեն, այն պատճառաբանված որոշմամբ վերահասցեագրում է ըստ ընդդատության:
2. Պահանջն ըստ ընդդատության վերահասցեագրելու վերաբերյալ որոշումը դատարանը կայացնում է պահանջն իրեն ընդդատյա չլինելու վերաբերյալ հանգամանքը պարզելուց հետո՝ եռօրյա ժամկետում` այն ուղարկելով դատավարության մասնակիցներին: