Հոդված 101. Դատական սանկցիաները և դրանց կիրառման ընդհանուր կարգը
Հոդված 101. Դատական սանկցիաները և դրանց կիրառման ընդհանուր կարգը
(վերնագիրը խմբ. 09.02.18 ՀՕ-120-Ն)
1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված հիմքերով դատարանն իրավունք ունի վարչական դատավարությանը մասնակցող անձանց, ներկայացուցիչների և դատական նիստին ներկա այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները.
1) նկատողություն.
2) դատական նիստերի դահլիճից հեռացում.
3) դատական տուգանք.
4) իրավունքի իրականացման սահմանափակում:
2. Դատավորն անհրաժեշտության դեպքում հասկանալի ձևով նախազգուշացնում է դատական սանկցիա կիրառելու դատարանի իրավասության մասին, պարզաբանում դատական սանկցիա կիրառելու հիմքերը և հետևանքները:
3. Դատական նիստերի դահլիճում ներկա գտնվող անձի նկատմամբ սանկցիա կիրառելիս դատարանն անհրաժեշտության դեպքում նրան տալիս է արտահայտվելու հնարավորություն: Տուգանք կիրառելիս կամ վարչական դատավարությանը մասնակցող անձին դատական նիստերի դահլիճից հեռացնելիս արտահայտվելու իրավունք չտրամադրելը պետք է հիմնավորվի դատարանի կողմից:
4. Եթե անձն ընդունում է իր արարքի հակաիրավականությունը և հայցում դատարանի ներողամտությունը, ապա նշված անձի նկատմամբ դատական սանկցիա կարող է չկիրառվել:
5. Եթե դատական սանկցիայի ենթակա անձը չարաշահում է սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված իրավունքը և արտահայտվելու իրավունքն օգտագործում է դատական սանկցիայի կիրառման հիմք հանդիսացող արարքը շարունակելու կամ նոր արարք կատարելու համար, ապա դատավորն իրավասու է այդ անձի նկատմամբ կիրառելու առավել խիստ դատական սանկցիա:
6. Եթե դատարանը գտնում է, որ դատավարության մասնակիցը կամ դատական նիստին ներկա այլ անձը դատարանի նկատմամբ դրսևորել է այնպիսի վարքագիծ կամ կատարել է այնպիսի արարք, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն, ապա նրա նկատմամբ դատարանը կիրառում է դատական սանկցիա և դիմում է դատախազին քրեական գործ հարուցելու միջնորդությամբ:
7. Որպես ներկայացուցիչ հանդես եկող փաստաբանի նկատմամբ մեկ դատական վարույթի շրջանակում յուրաքանչյուր դատական ատյանում դատական տուգանք կարող է կիրառվել, եթե մինչև դատական տուգանքի կիրառման հանգեցնող արարքը կատարելը փաստաբանի նկատմամբ կիրառվել է առնվազն երկու այլ սանկցիա:
(101-րդ հոդվածը խմբ. 09.02.18 ՀՕ-120-Ն, լրաց. 04.12.24 ՀՕ-489-Ն)
(04.12.24 ՀՕ-489-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)