Հոդված 52. Դատավարական ժամկետների ավարտը
Հոդված 52. Դատավարական ժամկետների ավարտը
1. Տարիներով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին։
2. Ամիսներով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան օրը։ Եթե ժամկետի վերջը համընկնում է համապատասխան ամսաթիվ չունեցող ամսվան, ապա դատավարական ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը։
3. Շաբաթներով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին շաբաթվա համապատասխան օրը։
4. Օրերով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է այդ ժամկետի վերջին օրը։
5. Այն դեպքերում, երբ դատավարական ժամկետի վերջին օրն օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտման օրը դրան հաջորդող աշխատանքային օրն է։
6. Եթե հայցադիմումը, բողոքը, այլ փաստաթղթերը կամ դրամական միջոցները հանձնվել են փոստին, փոխանցվել կամ ներկայացվել են համապատասխան մարմնին կամ դրանք ընդունելու լիազորություն ունեցող անձին մինչև դատավարական ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը, ապա ժամկետը չի համարվում բաց թողնված։
7. Եթե դատավարական գործողությունը պետք է կատարվի դատարանում կամ կազմակերպությունում, ապա դատավարական ժամկետը լրանում է այն ժամին, երբ դատարանում կամ կազմակերպությունում սահմանված կանոններով ավարտվում է աշխատանքային օրը։