Հոդված 8. Քրեական վարույթի ամրագրումը
Հոդված 8. Քրեական վարույթի ամրագրումը
1. Քրեական վարույթի շրջանակներում կատարվող բոլոր վարութային գործողությունների ընթացքի և արդյունքների, ինչպես նաև կայացվող բոլոր դատավարական ակտերի ամրագրումը սույն օրենսգրքով լիազորված անձանց կողմից պարտադիր է:
2. Վարութային գործողությունները ամրագրվում են էլեկտրոնային եղանակով կազմված արձանագրությամբ: Եթե առանձին վարութային գործողության ընթացքի և արդյունքների ամրագրումն էլեկտրոնային եղանակով անհնար է, ապա դա կատարվում է թղթային եղանակով՝ համակարգչով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ձեռագիր կազմված արձանագրությամբ։
3. Մինչդատական վարույթում տեսաձայնագրմամբ կատարված գործողության հակիրճ բովանդակությունը և հիմնական արդյունքները նշվում են վարութային այդ գործողության ընթացքում կազմված համառոտ արձանագրության մեջ։ Տեսաձայնագրության կրիչը կցվում է արձանագրությանը։
4. Մինչդատական վարույթում առանց տեսաձայնագրման կատարված գործողության ընթացքը և արդյունքները մանրամասն նկարագրվում են արձանագրությունում, որը պատրաստվում է վարութային գործողության ընթացքում կամ դրա ավարտից անմիջապեu հետո:
5. Դատական վարույթում կատարված գործողության ընթացքը և արդյունքներն ամրագրվում են ձայնագրմամբ և համակարգչային եղանակով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատական վարույթում տեսաձայնագրված գործողության հակիրճ բովանդակությունը և հիմնական արդյունքները նշվում են վարութային այդ գործողության ընթացքում կազմված համառոտ արձանագրության մեջ։ Տեսաձայնագրության կրիչը կցվում է արձանագրությանը։
6. Էլեկտրոնային փաստաթղթերի (դատավարական ակտերի, արձանագրությունների, հանձնարարությունների, առարկությունների, միջնորդությունների, բացարկների, բողոքների և այլնի) ձևի և բովանդակության նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում են թղթային փաստաթղթերի համար սույն օրենսգրքով սահմանված պահանջները:
7. Էլեկտրոնային եղանակով ամրագրված քրեական վարույթի նյութերը պահվում են էլեկտրոնային համակարգում (էլեկտրոնային քրեական վարույթ կամ էլեկտրոնային քրեական գործ), իսկ համակարգչային եղանակով կամ ձեռագիր պատրաստված փաստաթղթերը՝ նաև թղթային տարբերակով։ Համակարգչային եղանակով կամ ձեռագիր պատրաստված փաստաթղթերը, ինչպես նաև էլեկտրոնային կրիչների բովանդակությունը ներբեռնվում են էլեկտրոնային համակարգ: Առարկաները և այլ նյութերը պահվում են որպեu վարույթի էլեկտրոնային նյութերի բաղկացուցիչ մաu, իսկ դրանց լուսանկարները ներբեռնվում են էլեկտրոնային համակարգ: Այդ առարկաների և նյութերի ցանկը ևս ներբեռնվում է էլեկտրոնային համակարգ:
8. Էլեկտրոնային համակարգի շահագործման և անվտանգության կանոնները սահմանում է Կառավարությունը:
9. Վարույթի նյութերին կցվող յուրաքանչյուր փաuտաթուղթ անմիջապեu համարակալվում է ըuտ էջերի, հաջորդող ամբողջական թվերով` դրանց կցման ժամանակագրական կարգով: Մինչդատական վարույթի նյութերը համակցվում են մեկ կամ մի քանի հատորներում, որոնցից յուրաքանչյուրում պարունակվում է տվյալ հատորում առկա նյութերի ցանկը:
10. Վարույթի նյութերի կամ քրեական գործի կորստի, վնասման կամ ոչնչացման դեպքում համապատասխանաբար վերադաս դատախազը կամ դատարանը որոշում է կայացնում դրանք վերականգնելու մասին և միջոցներ ձեռնարկում վարույթի պատշաճ ընթացքն ապահովելու ուղղությամբ: Վարույթի նյութերը կամ քրեական գործը վերականգնվում են գոյություն ունեցող փաստաթղթերից պատճեններ հանելով կամ անհրաժեշտ վարութային գործողությունները կրկին իրականացնելով:
(8-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-241-Ն)