Հոդված 401. Բացառիկ վերանայման վարույթները և բացառիկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակը
Հոդված 401. Բացառիկ վերանայման վարույթները և բացառիկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակը
1. Բացառիկ վերանայման վարույթներն են՝
1) նոր հանգամանքներով վարույթը.
2) հիմնարար խախտման հիմքով վարույթը.
3) նոր ի հայտ եկած հանգամանքներով վարույթը:
2. Բացառիկ վերանայման ենթակա են՝
1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշումը․
2) մինչդատական ակտերի վիճարկման վարույթի շրջանակներում կայացված և օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտը, որով հաստատվում է քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու իրավաչափությունը, քրեական հետապնդումը նորոգելու անիրավաչափությունը կամ վարույթը կարճելու իրավաչափությունը.
3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դատական ակտերի վերանայման արդյունքով վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած որոշումը:
(401-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով չի նախատեսում Սահմանադրական դատարանի որոշման՝ որպես նոր հանգամանքի հիմքով անձի նկատմամբ կայացված՝ խափանման միջոցի կիրառման վերաբերյալ վերջնական դատական ակտը վերանայելու հնարավորություն, ճանաչվել է Սահմանադրության 40, 61 և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր` համաձայն 04.06.24 ՍԴՈ-1736 որոշման)