Հոդված 16. Սնանկ ճանաչելը կամավոր և հարկադրված սնանկության դիմումների հիման վրա
Հոդված 16. Սնանկ ճանաչելը կամավոր և հարկադրված սնանկության դիմումների հիման վրա
(վերնագիրը լրաց., փոփ. 17.06.16 ՀՕ-105-Ն)
1. Պարտապանի կամավոր սնանկության դիմումը վարույթ ընդունելու պահից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կամ 2.1-ին կետով կամ 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերը:
2. Հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելուց հետո` 15 օրվա ընթացքում, դատավորը նշանակում է դատական նիստ, որին հրավիրվում են պարտապանը և դիմումում նշված պարտատերերը:
Պատշաճ ծանուցված պարտատերերի և պարտապանի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
3. Դատական նիստում դիմումի քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է վճիռ` պարտապանին սնանկ ճանաչելու կամ դիմումը մերժելու մասին:
4. (մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-13-Ն)
(16-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն, լրաց., փոփ., խմբ. 17.06.16 ՀՕ-105-Ն)
⚖Հոդված 17. Պարտապանին սնանկ ճանաչելը պարտատիրոջ (պարտատերերի) դիմումի հիման վրա
1. Հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու հաջորդ օրը դատարանը պարտապանին է ուղարկում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը` կցելով դիմումի պատճենը:
Հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, պարտապանը պարտավոր է դատարան ներկայացնել սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը և կրում է դրանք չներկայացնելու պատճառով առաջացող իրավական հետևանքների ռիսկը։
Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 16-րդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:
2. Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը վիճարկում է իր սնանկությունը` այդ մասին գրավոր առարկություններ ներկայացնելով դատարան, ապա դատավորն առարկությունները ստանալու պահից` 10 օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցվում են դիմում ներկայացրած անձը (անձինք) և պարտապանը:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պարտապանի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
3. Եթե դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարում է անվճարունակ լինելուց կամ սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանում են, ապա դիմումը մերժելու մասին վճռով դատարանը պարտավորեցնում է պարտապանին փոխհատուցել դատական ծախսերը և վճարել ժամանակավոր կառավարչի վարձատրությունը:
4. (մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-13-Ն)
(17-րդ հոդվածը լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն, լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն)
⚖Հոդված 17.1. Դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերի ուժի մեջ մտնելը
1. Դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը (որոշումները, վճիռները) օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։
(17.1-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-13-Ն)