Հոդված 26. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը
Հոդված 26. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը
1. Սույն օրենքի համաձայն` կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպություն է համարվում ոչ առևտրային իրավաբանական անձը, որի հիմնադիր է հանդիսանում ոչ պակաս, քան 20 կառավարիչ: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը պետք է մշտապես ունենա կառավարիչ հանդիսացող ոչ պակաս, քան 20 անդամ: Կառավարիչը կարող է լինել միայն մեկ ինքնակարգավորվող կազմակերպության անդամ:
2. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության պետական գրանցումն իրականացնում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության պետական գրանցման համար բացի օրենքով սահմանված փաստաթղթերից ներկայացվում են նաև տեղեկություններ նրա անդամների մասին: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը պետք է ներառի «ինքնակարգավորվող կազմակերպություն» բառերը կամ «ԻԿԿ» հապավումը:
3. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը պետական գրանցման պահից` 10-օրյա ժամկետում, պարտավոր է հաշվառվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում` ներկայացնելով սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված փաստաթղթերի պատճենները: Սույն մասով նախատեսված փաստաթղթերով սահմանված տվյալների փոփոխության դեպքում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունն այդ մասին անհապաղ հայտնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:
4. Օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև իր կանոնադրության և կանոնների բազմակի կամ կոպիտ խախտումների համար կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը կարող է լուծարվել դատարանի որոշմամբ` շահագրգիռ անձանց դիմումով:
5. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության նպատակն իր անդամների գործունեության թափանցիկությանը և արդյունավետության բարձրացմանը նպաստելն է, հավաքական շահերի պաշտպանությունը, իր անդամների վարքագծի կանոնների մշակումն ու կիրառումը սույն օրենքի 23.1-ին հոդվածով սահմանված կանոնների հիման վրա, ինչպես նաև սույն օրենքով սահմանված լիազորությունների իրագործումը: (նախադասությունը հանվել է 12.12.19 ՀՕ-294-Ն)
6. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունն իրավունք ունի`
ա) ներկայացնելու և պաշտպանելու կառավարիչների շահերը.
բ) ընդունելու կարգեր և կանոններ մասնագիտական էթիկայի կանոնների կիրառումն ապահովելու, կառավարչի դիմումով խորհրդատվական պարզաբանում տալու կառավարիչների վարքագծի կանոնների կիրառման վերաբերյալ.
գ) օրենքով սահմանված կարգով իր անդամների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և տույժեր կիրառելու.
դ) (ենթակետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-13-Ն)
ե) իրականացնելու օրենսդրությամբ չարգելված այլ գործառնություններ և գործունեություն:
(26-րդ հոդվածը փոփ. 08.12.10 ՀՕ-231-Ն, լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն, 17.06.16 ՀՕ-105-Ն, խմբ., փոփ., լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն)