Հոդված 56. Պարտապանի գույքի գույքագրումը
Հոդված 56. Պարտապանի գույքի գույքագրումը
1. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 30 օրվա ընթացքում, կառավարիչն իրականացնում է պարտապանի գույքի գույքագրում: Գույքի մեծ ծավալների կամ այլ հարգելի պատճառների առկայության դեպքում դատարանը կարող է երկարաձգել գույքագրման ժամկետը ողջամիտ ժամկետով: Կառավարչի պահանջով պարտապանը (պարտապանի ներկայացուցիչը) պարտավոր է ներկա լինել և աջակցել գույքագրմանը:
2. Գույքագրումը պետք է ընդգրկի պարտապանին պատկանող ամբողջ գույքը, ներառյալ` երրորդ անձանց համար կատարված, սակայն չվճարված աշխատանքները և ծառայությունները, ինչպես նաև պարտապանի տիրապետման ներքո գտնվող իրերը: Վերջիններս չեն կարող օտարվել մինչև դրանց սեփականության իրավունքի հարցի պարզումը: Գույքագրման փաստաթղթերում նշվում է գույքագրման պահին գույքի հաշվեկշռային արժեքը (հայտնի լինելու դեպքում):
3. Պարտապանի գույքի գույքագրման ժամանակի և վայրի մասին կառավարիչը ծանուցում է պահանջներ ներկայացրած` առավել մեծ պահանջներ ունեցող հինգ հայտնի պարտատերերին, բացառությամբ այն պարտատերերի, որոնց դիմումով դատարանը սույն օրենքի 39.2-րդ հոդվածով սահմանված կարգով ընդունել է ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքի առարկայի իրացումը թույլատրելու մասին որոշում: Ծանուցված պարտատերերը կարող են ներկա լինել գույքագրման աշխատանքներին, սակայն նրանց չներկայանալն արգելք չէ գույքագրումն իրականացնելու համար:
4. Պարտապանի գույքի գույքագրման ժամանակ պարտապանը պարտավոր է գրավոր տեղեկացնել կառավարչին գույքի այն տեսակների մասին, որոնք հանդիսանում են բաժնային կամ համատեղ սեփականություն` նշելով համասեփականատերերի տվյալները (անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը): Պարտապանը պարտավոր է ներկայացնել նաև համասեփականատերերի սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր:
5. Գույքագրման նպատակով կառավարիչն իրավունք ունի մուտք գործելու պարտապանին պատկանող բնակարան կամ այլ անշարժ գույքի տարածք պարտապանի համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատարանի որոշմամբ: Այլ անձանց պատկանող բնակարան կամ այլ անշարժ գույք կառավարիչը կարող է մուտք գործել այդ բնակարանի կամ այլ անշարժ գույքի սեփականատիրոջ (ժամանակավոր տիրապետողի) համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատարանի որոշմամբ, որի հիման վրա կազմված կատարողական թերթն անհապաղ ուղարկվում է հարկադիր կատարման:
6. Պարտապանի գույքի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինելու դեպքում կառավարիչը անհրաժեշտության դեպքում կարող է հարցում ուղղել անշարժ գույքի պետական ռեգիստրին, իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին, հարկային և մաքսային մարմիններին, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությանը և Սոցիալական ապահովության ծառայությանը: Պետական մարմինները պարտավոր են կառավարչի հարցումներին պատասխանել յոթնօրյա ժամկետում, եթե օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով հարցումներին պատասխանելու համար այլ ժամկետ սահմանված չէ:
7. Գույքագրման արդյունքներն ամփոփվում են գույքագրման ակտում, որն ստորագրում են կառավարիչը և գույքագրմանը մասնակցած այլ անձինք: Պարտապանի (պարտապանի ներկայացուցչի) ստորագրությունը վկայում է, որ նա ներկա է եղել գույքագրմանը և երաշխավորում է, որ պարտապանին պատկանող ամբողջ գույքը գույքագրվել է: Գույքագրման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում պարտապանը (պարտապանի ներկայացուցիչը) ստորագրում է գույքագրման ակտը` կցելով դրան իր գրավոր առարկությունը: Գույքագրման ակտն ստորագրելուց խուսափելու դեպքում կառավարիչն այդ մասին նշում է կատարում գույքագրման ակտում:
8. Գույքագրման ակտի կազմումից հետո պարտապանին պատկանող գույք հայտնաբերվելու դեպքում կառավարիչը համապատասխան փոփոխություններ է կատարում գույքագրման ակտում:
(56-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-13-Ն, խմբ. 12.12.19 ՀՕ-294-Ն)
(հոդվածը 11.04.24 ՀՕ-192-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից և գործում է «Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի և դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման պահից)
(11.04.24 ՀՕ-192-Ն օրենքն ունի անցումային դրույթ)