Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-09-ից մինչև 2025-08-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՐՏԱՊԱՆ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 73. Պարտապանի գործունեության վերսկսումը

գործել է մինչև 2025-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 73. Պարտապանի գործունեության վերսկսումը

1. Եթե պարտապանի գործունեությունը կասեցվել է սույն օրենքի 72-րդ հոդվածով նախատեսված կարգով, ապա կառավարչի միջնորդության հիման վրա կայացված դատարանի որոշմամբ պարտապանը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն վերսկսել իր գործունեությունը մինչև մեկ տարի ժամանակով, եթե պարտապանի գործունեության վերսկսումը կարող է մեծացնել պարտատերերի պահանջների բավարարման հնարավորությունը: Կառավարչի միջնորդության հիման վրա դատարանը որոշում է կայացնում պարտապանի գործունեությունը մասնակի կամ ամբողջությամբ վերսկսելու մասին, որի վերաբերյալ բոլոր պարտատերերը պատշաճորեն ծանուցվում են որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում:

2. Եթե դատարանի՝ պարտապանի գործունեությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն վերսկսելու վերաբերյալ որոշումն ստանալուց հետո` 7 օրվա ընթացքում, պարտատերերից որևէ մեկը գրավոր առարկություն է ներկայացնում դատարան, ապա կառավարիչը հրավիրում է խորհրդի նիստ, իսկ խորհրդի ձևավորված չլինելու դեպքում՝ ժողով` քննարկման դնելով այդ հարցը: Խորհրդի կամ ժողովի որոշումը և նիստի արձանագրությունը կառավարիչը ներկայացնում է դատարան:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում դատարանն առանց դատական նիստ հրավիրելու որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ այն մերժելու մասին: Դատարանի որոշումը եռօրյա ժամկետում կառավարիչն ուղարկում է պարտատերերին և հարկային համապատասխան մարմին: Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:

4. Պարտապանի վերսկսված գործունեության ժամկետը ժողովի որոշման և կառավարչի միջնորդության հիման վրա կայացված դատարանի որոշմամբ կարող է երկարաձգվել, եթե պարտապանի վերսկսված գործունեությունը մեծացրել է պարտատերերի պահանջների բավարարման հնարավորությունը: Այդ դեպքում պարտապանի գործունեության երկարաձգման ժամկետը չի կարող գերազանցել ընդհանուր 36 ամիսը:

5. Պարտապանի գործունեությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերսկսելն արգելք չէ պարտապանի գույքի հաշվին պահանջի բավարարման գործընթացն իրականացնելու համար, այդ թվում՝ սույն օրենքի 75-77-րդ հոդվածներով նախատեսված իրավակարգավորումներով, բացառությամբ այն գույքի, որն օգտագործվում է պարտապանի վերսկսված գործունեությունն ապահովելու համար:

(73-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-13-Ն, խմբ. 16.01.24 ՀՕ-27-Ն)

(16.01.24 ՀՕ-27-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։