Հոդված 40.9
Հոդված 40.9.
Թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վարկանիշների, ինչպես նաև հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ սոցիոլոգիական հարցումների հրապարակման համար օրենքով սահմանված կարգը խախտելը
(վերնագիրը խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն)
Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վարկանիշների, ինչպես նաև հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ սոցիոլոգիական հարցում հրապարակելիս դրանում օրենքով նախատեսված տեղեկությունները չնշելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, հարցում իրականացնող կազմակերպության նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
Քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը` մինչև ժամը 20.00-ն, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ տպագիր մամուլով թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), ինչպես նաև հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքները, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` հրապարակում իրականացրած կազմակերպության նկատմամբ` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով։
Միևնույն ընտրության (հանրաքվեի) ժամանակ նույն խախտումը մեկից ավելի անգամ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` հրապարակում իրականացրած կազմակերպության նկատմամբ` երկրորդ հրապարակման դեպքի համար, նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, իսկ յուրաքանչյուր հաջորդ խախտման համար նախորդ դեպքի համար սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
(40.9-րդ հոդվածը լրաց. 26.05.11 ՀՕ-165-Ն, խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն)