Հոդված 131. Հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը
Հոդված 131. Հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը
1. Հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները խախտելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
2. Հետիոտների կողմից ճանապարհով (այդ թվում` մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում` կողնակներով) շարժվելու կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
3. Հետիոտների կողմից ճանապարհի երթևեկելի մասը հատելու կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
4. Տրանսպորտային միջոցի ուղևորի կողմից ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին, ինչպես նաև ուղևորների կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
5. Մոպեդները, հեծանիվները կամ լծասայլերը վարելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
6. Սույն հոդվածի առաջինից հինգերորդ մասերով նախատեսված արարքներ կատարելը, որոնք ստեղծել են վթարային իրադրություն`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
7. Ճանապարհներով անասուններ քշելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
(131-րդ հոդվածը խմբ. 10.03.90, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, 21.02.07 ՀՕ-73-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն)