Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-03-12-ից մինչև 2022-04-10։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 12 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ՏՆԱՅՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 169.16. Առևտրի, հանրային սննդի, սահմանափակման ենթակա և կենցաղային ծառայությունների ոլորտում առանց համապատասխան թույլտվության գործունեություն իրականացնելը

գործել է մինչև 2022-04-10Բացել ARLIS-ում

Հոդված 169.16. Առևտրի, հանրային սննդի, սահմանափակման ենթակա և կենցաղային ծառայությունների ոլորտում առանց համապատասխան թույլտվության գործունեություն իրականացնելը

(վերնագիրը խմբ. 16.12.21 ՀՕ-428-Ն)

1․ Առանց թույլտվության ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք իրականացնելը, իսկ հանրային սննդի օբյեկտներում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացում իրականացնելը`

առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:

2․ Առևտրի և հանրային սննդի օբյեկտները, զվարճանքի, շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, խաղատները և բաղնիքները (սաունաները) առանց թույլտվության ժամը 24.00-ից հետո աշխատեցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

3. Առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով

Սույն մասով նախատեսված խախտումը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկից մինչև հարյուրտասնապատիկի չափով:

4. Առանց թույլտվության հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական և (կամ) հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական և (կամ) հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառք իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:

5. Առանց թույլտվության խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառք իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով:

6. Առանց թույլտվության համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առք ու վաճառք իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով։

Սույն մասով նախատեսված խախտումը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

7. Առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպումը և իրացումը՝

առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

8. Առանց թույլտվության քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելը և (կամ) մատուցելը՝

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով։

9. Առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով։

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարերեքհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով:

10. Առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հրավառությունների իրականացման պահանջները կամ պայմանները չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով։

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարերեքհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով, և համայնքի ղեկավարի կողմից տրված տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների իրականացման թույլտվությունից զրկում՝ մեկ տարի ժամկետով:

11. Սահմանված կարգով համայնքի ղեկավարի կողմից տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլտվություն չստացած անձանց տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների համար նախատեսված հրագործական նյութեր (արտադրանք), հրագործական բաղադրիչներ և այլ պայթուցիկ սարքեր (նյութեր) վաճառելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով։

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

12. Առանց թույլտվության համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև տասնհինգապատիկի չափով՝ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար։

Սույն մասով նախատեսված խախտումը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով։

13. Առանց թույլտվության կամ հաստատված չափագրության սխեմայից դուրս կամ հաստատված էսքիզային առաջարկի խախտմամբ համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ամառային և ձմեռային սեզոններին հանրային սննդի ծառայություն կազմակերպելը կամ դրա նպատակով սեղաններ, աթոռներ և այլ պարագաներ տեղադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով։

Սույն մասով նախատեսված խախտումը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

14. Առանց համայնքի ղեկավարի, իսկ Երևան քաղաքում Երևանի քաղաքապետի թույլտվության սահմանափակման ենթակա ծառայության ոլորտում (բացառությամբ հեստապարային ակումբի) գործունեություն իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Սույն մասով նախատեսված խախտումը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

15. Առանց համայնքի ղեկավարի, իսկ Երևան քաղաքում Երևանի քաղաքապետի թույլտվության հեստապարային ակումբի գործունեություն իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

Սույն մասով նախատեսված խախտումը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարերեքհարյուրապատիկի չափով:

16. Երևան համայնքի վարչական տարածքում առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեություն իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

17. Երևան համայնքի վարչական տարածքում ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցից և (կամ) դրանց կցորդներից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ցանկացած ապրանքի վաճառք իրականացնելը կամ ծառայություն մատուցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

18. Երևան համայնքի վարչական տարածքում առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջածախ առևտուր իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

(169.16-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-262-Ն, լրաց., փոփ., խմբ. 27.02.07 ՀՕ-134-Ն, լրաց. 20.03.12 ՀՕ-39-Ն, խմբ., լրաց. 11.09.12 ՀՕ-179-Ն, խմբ., լրաց. 06.12.12 ՀՕ-223-Ն, լրաց. 06.12.12 ՀՕ-228-Ն, 26.02.15 ՀՕ-11-Ն, 21.03.18 ՀՕ-202-Ն, 24.01.20 ՀՕ-85-Ն, փոփ. 24.03.21 ՀՕ-143-Ն, խմբ. 16.12.21 ՀՕ-428-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։