Հոդված 43.1
Հոդված 43.1.
Աղբահանության և սանիտարական մաքրման կանոնները խախտելը, չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելը
(վերնագիրը խմբ. 22.05.18 ՀՕ-331-Ն)
1. Աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածով նախատեսված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:
2.1. Առանց աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագրի աղբը տեղափոխելը և հեռացնելը (թափելը) կամ պայմանագրով սահմանված վայրից (տեղից) դուրս աղբը հեռացնելը (թափելը)՝
առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
2.2. Սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելը մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
2.3. Աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձի կողմից համայնքի ղեկավարին շինություններում (այդ թվում` առանձնացված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում) և շինություններից դուրս ծառայությունների մատուցման վայրերում գործունեության տեսակի, ինչպես նաև մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ սխալ տեղեկատվություն ներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
2.4. Սույն հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:
3. Չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս՝
1) մինչև մեկ խորանարդ մետր ծավալով սպառման աղբ թափելը՝
առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ ութսունապատիկից հարյուրապատիկի չափով.
2) մեկ խորանարդ մետրից ավելի ծավալով սպառման աղբ թափելը՝
առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով.
3) սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված արարքը կատարելը բնակելի, հասարակական կամ այլ նշանակության շենքերից կամ այլ շինություններից՝
առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով.
4) խոշոր եզրաչափի աղբ (երկու և ավելի քառակուսի մետր զբաղեցնող խոշոր կենցաղային և ոչ կենցաղային սարքավորումներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի հենասարք, թափք, մետաղական ջարդոն, էլեկտրատեխնիկական սարքավորումներ կամ այլ նմանատիպ իրեր) թափելը՝
առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով.
5) մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ, էլեկտրալամպեր, էլեկտրոնային ապրանքներ, գրաֆիտային էլեկտրոդներ թափելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով.
6) մինչև 5 անվադող թափելը (բացառությամբ հեծանվի դողի)՝ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով.
7) 5-ից ավելի անվադող թափելը (բացառությամբ հեծանվի դողի)`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.
8) մինչև մեկ խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը՝
առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկից ութսունապատիկի չափով.
9) մեկից ավելի խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը՝
առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով.
10) կենսաբանական թափոններ (կենդանական ծագման պարենային և ոչ պարենային հումքի վերամշակումից ստացված թափոններ, ինչպես նաև անասնապահական, թռչնաբուծական և ձկնաբուծական ձեռնարկությունների գործունեության հետևանքով առաջացած թափոններ) թափելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումները ջրային համակարգերում, այդ թվում՝ ոռոգման ջրանցքներում, ինչպես նաև սանիտարական պահպանման գոտիներում կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով:
5. Առանց թույլտվության շինարարական կամ խոշոր եզրաչափի աղբի հավաքումը և փոխադրումը՝
առաջացնում են տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
6. Շինարարական աղբը համայնքի ղեկավարի սահմանած երթուղով չտեղափոխելը կամ սահմանված կարգով հատկացված վայրում այն չտեղադրելը՝
առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` հիսնապատիկից ութսունապատիկի չափով:
7. Տրանսպորտային միջոցից աղբ նետելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:
8. Հիսուն տոննա և ավելի սպառման թափոնների ժամանակավոր պահեստարանի կազմակերպումն ու շահագործումն առանց համապատասխան թույլտվության՝
առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
9. Աղբավայրերի և թափոնների փոխաբեռնման կայանների կազմակերպումն ու շահագործումն առանց համապատասխան թույլտվության՝
առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
10. Սույն հոդվածի 3-8-րդ մասերով սահմանված իրավախախտումները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով:
11. Սույն հոդվածի 3-8-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումները բնության հատուկ պահպանվող և (կամ) մշակութային և բնության ժառանգության տարածքներում կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով:
12. Եթե սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից վարչական իրավախախտումը հայտնաբերվելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում վերացնում է վարչական իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված վարչական տույժը կատարելու պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնում է համապատասխան ապացույց (լուսանկար, տեսաերիզ, համատեղ այցելություն համապատասխան վայր): Այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որի պատճենը տրվում է վարչական իրավախախտումը կատարած անձին:
(43.1-ին հոդվածը լրաց. 27.11.06 ՀՕ-227-Ն, խմբ. 22.05.18 ՀՕ-331-Ն, լրաց. 10.09.19 ՀՕ-166-Ն)