Հոդված 116.3. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին ներկայացվող պահանջները խախտելը
Հոդված 116.3. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին ներկայացվող պահանջները խախտելը
1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը կամ երկաթուղային տրանսպորտի օբյեկտները երկաթուղու տեխնիկական շահագործման և երկաթուղային տրանսպորտի երթևեկության անվտանգության կանոնների խախտմամբ պահելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
2. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի հատումը կառուցվող, նոր կամ վերակառուցված ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին կամ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի գործարկումը մշտական շահագործման համար կամ գնացքների ժամանման և մեկնման, բեռների բեռնման, բեռնաթափման, տեսակավորման կամ պահպանման (այդ թվում` բեռնարկղերում) հետ կապված բոլոր կամ որոշ գործողությունների իրականացման նպատակով երկաթուղային կայարանների գործարկումն առանց լիազոր մարմնի համաձայնության իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
3. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, ինչպես նաև ցածր ծանրաբեռնվածության գծերի և ուղեմասերի փակումն ու ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի անցումը ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի կամ գնացքների ժամանման և մեկնման, ուղեբեռների, բեռների և բեռնածանրոցների ընդունման, հանձնման, բեռնման, բեռնաթափման, տեսակավորման կամ պահպանման (այդ թվում` բեռնարկղերում) հետ կապված բոլոր կամ որոշ գործողությունների դադարեցման նպատակով երկաթուղային կայարանների փակումն առանց համապատասխան թույլտվության իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի նախագծումը կամ կառուցումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
5. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, երկաթուղային շարժակազմի կամ բեռնարկղերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված համապատասխան տեխնիկական վիճակը չապահովելը կամ բեռնատար վագոնների կամ բեռնարկղերի բեռնման ու բեռնաթափման աշխատանքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
6. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
(116.3-րդ հոդվածը լրաց. 27.02.12 ՀՕ-24-Ն)