Հոդված 123.5. Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշի օգտագործման կանոնները խախտելը
Հոդված 123.5. Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշի օգտագործման կանոնները խախտելը
1. Անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 0.5 միավոր:
1.1. Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր:
2. Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը սահմանված տեղում չփակցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
3. Ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցը այդ համարանիշերով վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
4. Առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
4.1. (մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-300-Ն)
4.2. (մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-300-Ն)
5. Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 3 միավոր:
6. Ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված դեպքերում հետնապատին հաշվառման համարանիշի թվերի և տառերի կրկնօրինակում չունեցող տրանսպորտային միջոցներ վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
7. Դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշերը ուղևորափոխադրումների իրականացման երթուղին սպասարկելու ժամկետի ավարտից հետո չվերադարձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` կազմակերպության պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով:
8. Հայաստանի Հանրապետության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումներ (բացառությամբ միջպետականի) իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից սպասարկվող երթուղում սպիտակ հիմնագույնի հաշվառման համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
9. Հայաստանի Հանրապետության տարածքում առանց սահմանված տեղում փակցված ներդիրի թեթև մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
10. Դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշը այլ տրանսպորտային միջոցի վրա տեղադրելը`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
11. Անընթեռնելի հաշվառման համարանիշ է այն համարանիշը, որի թեկուզ մեկ նիշը ցերեկը, պարզ եղանակին գունաթափման կամ այլ պատճառներով, բացառությամբ առնվազն մեկ նիշը փակելու դեպքերի, անշարժ տրանսպորտային միջոցի վրա տեղադրված վիճակում տեսանելի չէ 40 մետր հեռավորությունից:
12. Տրանսպորտային միջոցի համարանիշը համարվում է սահմանված տեղում չփակցված, եթե համարանիշն ընթեռնելի է ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած վիճակում, սակայն համարանիշը (զույգ համարանիշերի դեպքում` թեկուզ և մեկը) ամրացված չէ դրա համար նախատեսված տեղում:
13. Տրանսպորտային միջոցը համարվում է առանց համարանիշի, եթե այդ համարանիշը (զույգ համարանիշերի դեպքում` երկուսն էլ) ամրացված չէ դրա համար նախատեսված տեղում և ընթեռնելի չէ ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած ժամանակ:
13.1. Տրանսպորտային միջոցը զույգ հաշվառման համարանիշեր ունենալու դեպքում համարվում է մեկ հաշվառման համարանիշով, եթե համարանիշերից մեկը ամրացված չէ դրա համար նախատեսված տեղում և ընթեռնելի չէ ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած ժամանակ:
14. Առանց ներդիրի, կեղծված, չգործող կամ այլ տրանսպորտային միջոցի համար տրված ներդիրով Հայաստանի Հանրապետության տարածքում թեթև մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
15. Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի կողմից ներդիրն այլ անձի հանձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
16. Զույգ հաշվառման համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցը մեկ հաշվառման համարանիշով վարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, և տուգանային միավորի կիրառում՝ երկու միավոր:
17. Սույն հոդվածի 16-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:
(123.5- րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն, խմբ., լրաց. 20.11.14 ՀՕ-173-Ն, փոփ., լրաց., խմբ. 21.12.15 ՀՕ-178-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-18-Ն, փոփ., լրաց., խմբ. 09.12.19 ՀՕ-300-Ն, փոփ., լրաց. 13.02.20 ՀՕ-91-Ն, լրաց., խմբ. 20.01.21 ՀՕ-27-Ն)
(20.01.21 ՀՕ-27-Ն օրենքի փոփոխությունը գործել է մինչև 01.07.22 թվականը` նույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն)
(20.01.21 ՀՕ-27-Ն օրենքն ունի անցումային դրույթ)