Հոդված 59. Ընդերքի պահպանության պահանջները խախտելը
Հոդված 59. Ընդերքի պահպանության պահանջները խախտելը
Օգտակար հանածոների հանքավայրերի մակերեսների ինքնագլուխ կառուցապատումը, ընդերքի պահպանության կանոնները և ընդերքից օգտվելու հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից շրջակա բնական միջավայրի, շենքերի ու կառուցվածքների պահպանման պահանջները չկատարելը, ստորերկրյա ջրերի դիտարկման ռեժիմային հորատանցքերը, ինչպես նաև մարկշեյդերական և երկրաբաշխական նշանները ոչնչացնելը կամ վնասելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Հանքավայրերի հարուստ տեղամասերի ընտրովի մշակումը, որը հանգեցնում է օգտակար հանածոների հաշվեկշռային պաշարների չհիմնավորված կորուստների, հանույթի ժամանակ օգտակար հանածոների գերնորմատիվ կորուստները և գերնորմատիվ աղքատացումը, օգտակար հանածոների հանքավայրերի փչացումը և օգտակար հանածոների պաշարների ռացիոնալ օգտագործման պահանջների մյուս խախտումները`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:
Մարկշեյդերական փաստաթղթեր կորցնելը, լուծարքվող կամ կոնսերվացվող լեռնային փորվածքները և հորատանցքերը բնակչության անվտանգությունն ապահովող վիճակի բերելու պահանջները չկատարելը, ինչպես նաև կոնսերվացման ժամանակամիջոցում հանքավայրերի, լեռնային փորվածքների և հարատանցքերի պահպանման պահանջները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
(59-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)