Հոդված 269. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկերի և վճարների հաշվարկումը և վճարումը
Հոդված 269. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկերի և վճարների հաշվարկումը և վճարումը
1. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից (այդ թվում` որպես հարկային գործակալ` հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, ինչպես նաև Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի կանխավճարների կատարման պարտավորությունից), բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
2. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում`
1) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) ապրանքների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից.
2) միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական հինգ հազար դրամի չափով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից (այդ թվում` ոչ ամբողջական ամսվա համար), որը այդ եկամուտների մասով համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն.
3) Օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկի, բնապահպանական հարկի և (կամ) ճանապարհային հարկի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից: