Հոդված 38. Ապրանքի մատակարարման պահը
Հոդված 38. Ապրանքի մատակարարման պահը
1. Եթե Օրենսգրքով կամ սույն հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ապրանքի մատակարարման պահ է համարվում սույն մասում նշված առավել վաղ առաջացող պահը.
1) այն պահը, երբ ապրանքը հանձնվում է այլ անձի, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը, ապրանքի մատակարարման պայմանագրի համաձայն, այլ անձի է անցնում այլ պահի, որի դեպքում ապրանքի մատակարարման պահ է համարվում այդ պահը, կամ
2) այն պահը, երբ առաքված ապրանքն ընդունում է այլ անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը, ապրանքի մատակարարման պայմանագրի համաձայն, այլ անձի է անցնում այլ պահի, որի դեպքում ապրանքի մատակարարման պահ է համարվում այդ պահը:
2. Եթե ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման, ապա այդ ապրանքի մատակարարման պահ է համարվում դրա նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման պահը:
3. Եթե ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտին լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել վարձակալին, ապա լիզինգի առարկա հանդիսացող ապրանքի մատակարարման պահ է համարվում համապատասխան հարկատեսակի համար յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը՝ լիզինգի պայմանագրով նախատեսված՝ հաշվեգրված լիզինգային վճարներին համապատասխանող չափով: