Հոդված 61. Ավելացված արժեքի հարկով հարկման բազան
Հոդված 61. Ավելացված արժեքի հարկով հարկման բազան
1. Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքների դեպքում, եթե Օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում դրանց արժեքը՝ դրամական արտահայտությամբ՝ առանց ԱԱՀ-ի:
2. «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծման դեպքում, եթե Օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով որոշվող մաքսային արժեքի, մաքսատուրքի, իսկ Օրենսգրքի 5-րդ բաժնի համաձայն՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծման դեպքում՝ նաև Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի հանրագումարը:
3. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծման դեպքում, եթե Օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքը, իսկ Օրենսգրքի 5-րդ բաժնի համաձայն՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծման դեպքում՝ ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքի և Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի հանրագումարը:
4. Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի մատակարարման գործարքի դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկվող մաքսային արժեքը: