Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-10-08-ից մինչև 2020-10-23։Բացել գործող տեքստը
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԿԱՄ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐԳլուխ 76 · ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 398. Հարկային իրավախախտումների արձանագրումը

գործել է մինչև 2020-10-23Բացել ARLIS-ում

Հոդված 398. Հարկային իրավախախտումների արձանագրումը

1. Հարկային վարչարարության իրականացման ընթացքում հարկային իրավախախտում հայտնաբերելուց անմիջապես հետո հարկային մարմնի պատասխանատու պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն, բացառությամբ այն դեպքերի, երբ հարկային իրավախախտումները բացահայտվում և արձանագրվում են հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների կամ օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման կամ հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում հարկային պարտավորությունների հաշվառման արդյունքում:

2. Արձանագրության ձևը և լրացման կարգը հաստատում է հարկային մարմինը: Արձանագրությունը պետք է պարունակի՝

1) արձանագրությունը կազմելու վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը և համարը.

2) հարկային իրավախախտում կատարած անձի անունը, ազգանունը, կազմակերպության լրիվ անվանումը, ՀՎՀՀ-ն՝ առկայության դեպքում, նրա բնակության (գտնվելու վայրի) հասցեն, ֆիզիկական անձի անձնագրային տվյալները և (կամ) հանրային ծառայությունների համարանիշը (հայտնի լինելու դեպքում).

3) հարկային իրավախախտումների նկարագրությունը, ժամանակահատվածը, ձեռք բերված տեղեկությունները և այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել.

4) ձեռք բերված տեղեկությունների սահմաններում հարկային պարտավորության նախնական հաշվարկը և պատասխանատվության կիրառման իրավական հիմքերը.

5) արձանագրությունը կազմած հարկային մարմնի պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը:

3. Կազմված արձանագրությանը կարող են կցվել հարկային իրավախախտման փաստը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր, լուսանկարներ, էլեկտրոնային տեղեկություններ պարունակող կրիչներ, նյութեր և անհրաժեշտ տեղեկություններ պարունակող այլ իրեր:

4. Արձանագրությունը կազմելուց հետո այն ներկայացվում է հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով: Եթե կազմված արձանագրության հիման վրա հարուցվում է վարչական կամ քրեական վարույթ, ապա արձանագրությունը պահպանվում է վարչական կամ քրեական գործում, իսկ եթե վարույթ չի հարուցվում, այն պահպանվում է հարկ վճարողի հարկային գործում՝ հետագա հարկային հսկողության ընթացքում օգտագործելու նպատակով:

5. Հարկային մարմնում վարվող՝ հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով չվճարված հարկային պարտավորությունների առաջացման դեպքում, բացառությամբ ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքերի, հարկային մարմնի նախաձեռնությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցվում է չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ, եթե չվճարված հարկային պարտավորության չափը գերազանցում է 200 հազար դրամը կամ հարկային պարտավորության առաջացման օրվանից հետո անցել է երկու ամսից ավելի ժամանակ:

6. Հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքում նշված ստուգման կամ այլ վարչական ակտերը դառնում են անբողոքարկելի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, և դրանցով արձանագրված հարկային պարտավորությունները հարկ վճարողի կողմից ենթակա են կատարման նշված ակտերն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում:

Հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով արձանագրված հարկային պարտավորությունները սույն մասով սահմանված ժամկետում չվճարվելու դեպքում նշված ստուգման կամ այլ վարչական ակտերը կատարվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

7. Սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերին համապատասխան՝ գանձման (վճարման) ենթակա պարտավորությունները ենթակա են կատարման մինչև կատարման օրը՝ Օրենսգրքով կամ օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերի և տուգանքների հետ միասին:

(398-րդ հոդվածը լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։