Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-01-01-ից մինչև 2022-01-01։Բացել գործող տեքստը
ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸԳլուխ 2 · ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 4. Օրենսգրքում կիրառվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 4. Օրենսգրքում կիրառվող հիմնական հասկացությունները

1. Հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կիրառության իմաստով՝ ստորև նշված հասկացություններն ունեն հետևյալ իմաստն ու նշանակությունը.

1) հարկ՝ պետական և (կամ) հասարակական կարիքների բավարարման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ վճարվող պարտադիր և անհատույց գումար, որը վճարվում է հարկ վճարողների կողմից` Օրենսգրքով սահմանված կարգով, չափերով և ժամկետներում.

2) վճար՝ Օրենսգրքով նախատեսված պետական կամ տեղական վճար.

3) տույժ՝ հարկերը կամ վճարները Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ժամկետներում չվճարելու կամ այդ ժամկետներից ուշ վճարելու համար Օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոց.

4) տուգանք՝ Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պահանջները չկատարելու կամ խախտումներով կատարելու համար սահմանված պատասխանատվության միջոց.

5) ապառք՝ Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված՝ վճարման վերջնաժամկետում չվճարված կամ չմարված հարկի կամ վճարի գումար.

6) հարկի կամ վճարի կանխավճար՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտը որոշակի ժամանակահատվածի համար Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով հաշվարկվող և կատարվող՝ հարկի կամ վճարի վճարում.

7) դեբետային գումար` Օրենսգրքով սահմանված կարգով իրականացվող հաշվանցման (պակասեցման) արդյունքում առաջացած՝ ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում արտացոլված հարկի դեբետային գումար.

8) միասնական հաշիվ` Օրենսգրքով սահմանված դեպքերում հարկ վճարողների հարկային պարտավորությունների մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող պետական արտաբյուջետային միջոցների ավանդային ենթահաշիվ.

9) գանձապետարան՝ Կառավարության կողմից լիազորված` ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմնի կենտրոնական գանձապետարան.

10) միասնական հաշվի գումար՝ գումար, որով Օրենսգրքով սահմանված կարգով կարող են մարվել հարկ վճարողի հարկային պարտավորությունները, որը կարող է առաջանալ՝

ա. միասնական հաշվին կատարված վճարումից,

բ. հարկային հաշվարկների (այդ թվում` ճշտված) ներկայացումից,

գ. դատարանի վճռի կատարման կամ բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշման արդյունքում պարտավորության պակասեցումից կամ ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների կամ Օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված գործարքների մասով միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների ավելացումից,

դ. ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով պարտավորության պակասեցումից կամ ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների կամ Օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված գործարքների մասով միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների ավելացումից,

ե. ուսումնասիրության կամ ստուգման արդյունքներով արձանագրված (հիմնավորված)՝ միասնական հաշվին մուտքագրման ենթակա ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարներից,

զ. Օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված գործարքների մասով ուսումնասիրության կամ ստուգման արդյունքներով արձանագրված (հիմնավորված) միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարներից,

է. մինչև 2018 թվականի հունվարի 1-ն ավարտված հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված՝ ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկներով (այդ թվում՝ ճշտված) առաջացած՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գումարներից և դեբետային գումարներից.

11) հարկ վճարող՝ կազմակերպություն կամ ֆիզիկական անձ (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր, նոտար), որը Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ունի կամ կարող է ունենալ հարկ կամ վճար վճարելու պարտավորություն.

12) հարկային մարմին՝ Պետական եկամուտների կոմիտե.

13) հարկային վարչարարություն՝ լիազոր մարմնի՝ Օրենսգրքի և այլ իրավական ակտերի հիման վրա իրականացվող գործողությունների ամբողջություն՝ ուղղված հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի համատարած և ճիշտ կիրառության ապահովմանը.

14) լիազոր մարմին՝ Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ու սահմաններում վարչարարություն կամ հսկողություն իրականացնող պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին.

15) ակտիվ՝ հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող ցանկացած գույք, գույքային իրավունք և անձնական ոչ գույքային իրավունք.

16) ոչ նյութական ակտիվ՝ նյութական հիմք չունեցող ակտիվ, բացառությամբ դրամական միջոցների, ֆինանսական ակտիվների և գուդվիլի.

17) ֆինանսական ակտիվ՝ հաշվապահական հաշվառման համապատասխան միջազգային ստանդարտներով սահմանված ֆինանսական ակտիվ, բացառությամբ դրամական միջոցների.

18) կանխիկ դրամ՝ Հայաստանի Հանրապետության արժույթը կամ արտարժույթը՝ թղթադրամների կամ մետաղադրամների տեսքով.

19) հիմնական միջոց՝ հաշվապահական հաշվառման համապատասխան միջազգային ստանդարտներով սահմանված հիմնական միջոց և ներդրումային գույք.

20) ակտիվի սկզբնական արժեք՝ ակտիվի ձեռքբերման գնի (անհատույց ստացման դեպքում՝ ստացվող ակտիվի գնի, իսկ կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ ներդրման դեպքում՝ կողմերի պայմանավորվածությամբ որոշված գնի, որը ենթակա է գնահատման անկախ գնահատողի կողմից՝ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով), կառուցման կամ ստեղծման կամ մշակման ծախսերի (այդ թվում՝ չփոխհատուցվող և Օրենսգրքով սահմանված կարգով չհաշվանցվող (չնվազեցվող) հարկերի և վճարների), տեղափոխման, տեղակայման ծախսերի և (կամ) ձեռքբերման հետ անմիջականորեն կապված այլ ծախսերի հանրագումար՝ դրամական արտահայտությամբ: Լիզինգի (տարատեսակների) առարկան սեփականության իրավունքով հարկ վճարողին անցնելու դեպքում` ակտիվի սկզբնական արժեք է համարվում այդ լիզինգի առարկայի համար սույն մասի 70-րդ կետին համապատասխան հաշվարկված սկզբնական արժեքը.

21) պարտավորություն՝ հարկ վճարողի առկա պարտք.

22) պարտավորության սկզբնական արժեք՝ պարտավորության առաջացման պահին այն կատարելու (մարելու) համար անհրաժեշտ ակտիվների հանրագումար՝ դրամական արտահայտությամբ.

23) եկամուտ՝ ձեռնարկատիրական, անձնական և (կամ) պասիվ եկամուտ.

24) ձեռնարկատիրական եկամուտ՝ կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից իրականացվող գործունեությանը վերագրվող ակտիվի աճ կամ պարտավորության նվազում, որը, առանձին վերցրած, հանգեցնում է կազմակերպության սեփական կապիտալի կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի զուտ ակտիվների ավելացման, բացառությամբ Օրենսգրքի 108-րդ հոդվածով սահմանված եկամուտ չհամարվող տարրերի և սույն մասի 25-րդ կետի կիրառության իմաստով անձնական եկամուտ համարվող՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար համարվող ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից ստացվող շահաբաժինների: Սույն կետի կիրառության իմաստով՝ ձեռնարկատիրական եկամուտ է համարվում նաև անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտը.

25) անձնական եկամուտ՝ ֆիզիկական անձի կողմից աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում իրականացվող գործունեությանը վերագրվող կամ ցանկացած այլ հիմքով (բացառությամբ սույն մասի 24-րդ և 26-րդ կետերով սահմանված դեպքերի) ստացվող դրամական միջոց կամ այլ ակտիվ (այդ թվում՝ բնամթերային ձևով): Սույն կետի կիրառության իմաստով՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար համարվող ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից ստացվող շահաբաժինը համարվում է անձնական եկամուտ՝ անկախ շահաբաժինը որպես անհատ ձեռնարկատեր կամ որպես նոտար ստանալու հանգամանքից և սույն մասի 26-րդ կետի դրույթներից.

26) պասիվ եկամուտ՝ ֆիզիկական անձի կամ Օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից իր ակտիվների ներդրմամբ (տրամադրելով) բացառապես այլ անձանց գործունեությունից ստացվող եկամուտներ, մասնավորապես՝ շահաբաժին, տոկոս, ռոյալթի, վարձակալական վճար, ակտիվների արժեքի հավելաճ (բացառությամբ սույն մասի 24-րդ կետով սահմանված դեպքերի և սույն մասի 25-րդ կետի կիրառության իմաստով անձնական եկամուտ համարվող՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար համարվող ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից ստացվող շահաբաժինների).

27) համախառն եկամուտ՝ հաշվետու ժամանակաշրջանում ստացված կամ ստացման ենթակա Օրենսգրքով սահմանված եկամուտների հանրագումար.

28) ձեռնարկատիրական ծախս՝ կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից իրականացվող գործունեությանը վերագրվող ակտիվի նվազում կամ պարտավորության աճ, որը, առանձին վերցրած, հանգեցնում է կազմակերպության սեփական կապիտալի կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի զուտ ակտիվների նվազեցման, բացառությամբ Օրենսգրքի 112-րդ հոդվածով սահմանված ծախս չհամարվող տարրերի.

29) սեփական կապիտալ՝ կազմակերպության ակտիվների և պարտավորությունների տարբերություն.

30) ակտիվի հաշվեկշռային արժեք՝ ակտիվի սկզբնական արժեքի և հարկման նպատակով դրանից կատարված նվազեցումների (այդ թվում՝ մաշվածության կամ ամորտիզացիոն մասհանումների) տարբերություն` հաշվի առած Օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքները և Օրենսգրքի 121-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված կապիտալ ծախսերը: Լիզինգի (տարատեսակների) առարկան սեփականության իրավունքով հարկ վճարողին անցնելու դեպքում ակտիվի հաշվեկշռային արժեքը որոշելիս նվազեցվում են նաև այդ լիզինգի առարկայի հարկման նպատակով դրանից կատարված նվազեցումները՝ հաշվի առած նաև մինչև լիզինգի առարկան սեփականության իրավունքով լիզինգառուին անցնելը` լիզինգառուի կատարած՝ Օրենսգրքի 121-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված կապիտալ ծախսերը.

31) պարտավորության հաշվեկշռային արժեք՝ պարտավորության սկզբնական արժեքի և հարկման նպատակով դրանից կատարված նվազեցումների տարբերություն` հաշվի առած Օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքները.

32) շահաբաժին՝ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում մասնակցությունից (բաժնետոմսից, բաժնեմասից, փայաբաժնից) կամ համատեղ գործունեությունից, որպես շահույթի բաշխում (այդ թվում՝ միջանկյալ բաշխում), մասնակցի ստացած կամ ստացման ենթակա եկամուտ.

33) տոկոս՝ այլ անձին վերադարձելիության սկզբունքով տրամադրված (այդ թվում՝ վճարային արժեթուղթ ձեռք բերելու դիմաց, որպես փոխառություն, որպես կանխավճար, սպասարկող բանկի բանկային հաշվին հաշվեգրված) դրամական միջոցների օգտագործման կամ իրացման գնի տարաժամկետ վճարման դիմաց ստացված կամ ստացման ենթակա եկամուտ: Տոկոս չի համարվում կետանցված վճարման համար օրենքով կամ գործարքով պարտավորեցված տույժը, ներառյալ՝ բանկային տոկոսը.

34) ռոյալթի՝ հարկ վճարողի մտավոր սեփականության և այլ ոչ գույքային իրավունքների օգտագործումից ստացված կամ ստացման ենթակա եկամուտ: Ռոյալթի է համարվում մասնավորապես գյուտերի, արտոնագրերի, հեղինակային իրավունքի` գրականության, գիտության կամ արվեստի, ներառյալ՝ հեռուստատեսության կամ ռադիոհաղորդակցության համար կինոֆիլմեր, աուդիո և տեսաձայնագրություններ, համակարգչային ծրագրերի, վկայագրի, ապրանքային նշանի, գծագրի կամ մոդելի, սխեմայի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական տեղեկատվության կամ փորձի օգտագործման համար եկամուտը: Ռոյալթիի հասկացությունը Օրենսգրքի 10-րդ բաժնում կիրառվում է Օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իմաստով ու նշանակությամբ.

35) վարձակալական վճար՝ այլ անձի կողմից գույքի օգտագործման դիմաց ստացված կամ ստացման ենթակա եկամուտ: Վարձակալական վճար է համարվում նաև ենթավարձակալի հատուցումը վարձակալին.

36) ակտիվի արժեքի հավելաճ՝ Օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի ակտիվի իրացման գնի և հաշվեկշռային արժեքի դրական տարբերություն.

37) հարկային արտոնություն՝ Օրենսգրքով սահմանված հարկերի, Օրենսգրքով սահմանված վճարների, տույժերի և (կամ) տուգանքների հաշվարկման ու վճարման ընդհանուր կարգից և (կամ) ժամկետներից բացառություն, որի արդյունքում չի առաջանում հարկային պարտավորություն կամ նվազում, կամ վերանում է կատարման ենթակա հարկային պարտավորության գումարը, կամ հետաձգվում են դրա հաշվարկման և (կամ) կատարման ժամկետները.

38) ապրանք՝ դրամական միջոցից, ֆինանսական ակտիվներից, ոչ նյութական ակտիվներից, գուդվիլից տարբերվող ցանկացած ակտիվ, եթե Օրենսգրքով այլ բան սահմանված չէ: Արտարժույթի առք ու վաճառքի (արտարժույթի փոխանակման) գործունեության մեջ արտարժույթը ևս համարվում է ապրանք.

39) նույն ապրանքներ՝ ապրանքներ, որոնք նույնական են բոլոր առումներով, ներառյալ՝ ֆիզիկական, քիմիական հատկանիշները, որակը, համբավը (ապրանքային նշանը), անշարժ գույքի դեպքում՝ նաև տեղակայման բնութագիրը: Ընդ որում, ապրանքային տեսքի շեղումները, որոնք սպառողների համար համեմատելի ապրանքներից մեկը մյուսից գերադասելու վճռորոշ պատճառ չեն կարող լինել, չեն հանդիսանում այդ ապրանքները նույնական չհամարելու բավարար պայման.

40) համանման ապրանքներ՝ ապրանքներ, որոնք, նույնական չլինելով, ունեն նման հատկանիշներ և բաղադրանյութեր, որոնք հնարավորություն են տալիս դրանք կիրառելու նույն նշանակությամբ և լինել փոխարինելի: Ընդ որում, ապրանքների համանմանությունը որոշելու համար, ի թիվս այլ գործոնների, հաշվի են առնվում նաև դրանց որակը, համբավը (ապրանքային նշանը), անշարժ գույքի դեպքում՝ նաև տեղակայման բնութագիրը.

41) ապրանքի մատակարարում՝ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում մեկ անձից մեկ այլ անձի՝ որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց: Սույն կետի կիրառության իմաստով՝ ապրանքի մատակարարում է համարվում նաև՝

ա. խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով ապրանքի օտարումը,

բ. համատեղ գործունեության մասնակցի կողմից, որպես համատեղ գործունեության մեջ կատարվող ներդրում, համատեղ գործունեության հաշվետու մասնակցին ապրանքի տրամադրումը, եթե այդ ապրանքը տրամադրվում է մինչև հաշվետու մասնակցի կողմից Օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված հայտարարության ներկայացումը,

գ. գրավատուի կողմից գրավառուին կամ գրավառուի նշած անձին ապրանքի (գրավի առարկայի) նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը.

դ. լիզինգատուի կողմից լիզինգի առարկայի հանձնումը լիզինգառուին, եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսվում է, որ այդ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին.

42) ապրանքի տեղափոխություն՝ հարկ վճարողի կողմից իր առաքման վայրերի և (կամ) առաքման կետերի միջև տեղափոխվող կամ պահատվության, հանձնարարության, պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերով կամ վերամշակման հանձնվող կամ վերադարձվող կամ վերամշակման ընդունված ապրանքանյութական արժեքների վերամշակման արդյունքում վերադարձվող կամ որևէ առաքման վայրից կամ առաքման կետից ձեռք բերված և տեղափոխվող (այդ թվում՝ փոխադրողի միջոցով) ապրանքի տեղաշարժ՝ առանց ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի՝ մեկ անձից մեկ այլ անձին փոխանցման.

43) աշխատանք՝ գործողություն, որի արդյունքն ունի նյութական բնույթ և կարող է օտարվել այլ անձի կարիքների և (կամ) պահանջմունքների բավարարման համար.

44) ծառայություն՝ գործողություն, որի արդյունքը չունի նյութական բնույթ, և որը ստացողը սպառում է այդ գործողության ընթացքում.

45) նույն աշխատանք՝ աշխատանքներ, որոնք նույնական են բոլոր առումներով, ներառյալ՝ աշխատանքը կատարողին ներկայացվող պահանջները, աշխատանքի որակը, աշխատանքը կատարողի համբավը (ապրանքային նշանը): Ընդ որում, աշխատանքների բնութագրիչների շեղումները, որոնք աշխատանքներն ընդունողների համար համեմատելի աշխատանքներից մեկը մյուսից գերադասելու վճռորոշ պատճառ չեն կարող լինել, չեն հանդիսանում այդ աշխատանքները նույնական չհամարելու բավարար պայման.

46) նույն ծառայություն՝ ծառայություններ, որոնք նույնական են բոլոր առումներով, ներառյալ՝ ծառայությունը մատուցողին ներկայացվող պահանջները, ծառայության որակը, ծառայությունը մատուցողի համբավը (ապրանքային նշանը): Ընդ որում, ծառայությունների բնութագրիչների շեղումները, որոնք ծառայություններն ստացողների համար համեմատելի ծառայություններից մեկը մյուսից գերադասելու վճռորոշ պատճառ չեն կարող լինել, չեն հանդիսանում այդ ծառայությունները նույնական չհամարելու բավարար պայման.

47) աշխատանքի կատարում՝ աշխատանքի կատարման արդյունքի սեփականության իրավունքի փոխանցում մեկ անձից մեկ այլ անձի` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց: Սույն կետի կիրառության իմաստով՝ աշխատանքի կատարում է համարվում նաև համատեղ գործունեության մասնակցի կողմից, որպես համատեղ գործունեության մեջ կատարվող ներդրում, համատեղ գործունեության հաշվետու մասնակցի համար աշխատանքի կատարումը, եթե այդ աշխատանքը կատարվում է մինչև հաշվետու մասնակցի կողմից Օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված հայտարարության ներկայացումը.

48) ծառայության մատուցում՝ մեկ անձի կողմից մեկ այլ անձի օգտին գործողության իրականացում` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց: Սույն կետի կիրառության իմաստով՝ ծառայության մատուցում է համարվում նաև համատեղ գործունեության մասնակցի կողմից, որպես համատեղ գործունեության մեջ կատարվող ներդրում, համատեղ գործունեության հաշվետու մասնակցին ծառայության մատուցումը, եթե այդ ծառայությունը մատուցվում է մինչև հաշվետու մասնակցի կողմից Օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված հայտարարության ներկայացումը.

49) ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքների համեմատելի հանգամանքներ՝ գործոններ, որոնց ազդեցությամբ մատակարարվող ապրանքի, կատարվող աշխատանքի և (կամ) մատուցվող ծառայության գինը սովորաբար չի ենթարկվում փոփոխության: Մասնավորապես, համեմատելի հանգամանքները որոշելիս հաշվի են առնվում սեզոնայնությունը, մատակարարվող ապրանքի խմբաքանակը, կատարվող աշխատանքի և (կամ) մատուցվող ծառայության ծավալը, ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման պայմանները (մասնավորապես՝ առաքմամբ, առանց առաքման, կանխավճարով, գնորդի կողմից մատակարարին տարաժամկետ վճարմամբ, առկա կամ ապագայում ստեղծվելիք, կատարման ապահովմամբ, առանց կատարման ապահովման) և հարակից ծառայությունները (մասնավորապես՝ տեղակայում, փորձարկում), հետվաճառքային երաշխիքային սպասարկումը.

50) իրացման շրջանառություն՝ ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացման ենթակա ձեռնարկատիրական եկամուտ՝ դրամական արտահայտությամբ, որը չի ներառում ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները.

51) ֆիզիկական անձի անձնական գույք՝ սեփականության իրավունքով ֆիզիկական անձին պատկանող, սպառողական նպատակներով օգտագործման ենթակա անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման գույք.

52) ֆիզիկական անձի՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույք՝ ֆիզիկական անձի անձնական գույք չհանդիսացող գույք, բացառությամբ Օրենսգրքով սահմանված դեպքերի.

53) իրացում՝ մեկ անձից մեկ այլ անձի ապրանքի և (կամ) աշխատանքի կատարման արդյունքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում կամ ծառայության մատուցում` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի).

54) օտարում՝ մեկ անձից մեկ այլ անձի ապրանքի և (կամ) աշխատանքի կատարման արդյունքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում կամ ծառայության մատուցում` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի) կամ անհատույց.

55) անապրանք փաստաթուղթ՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված պահանջներին ձևականորեն համապատասխանող հաշվարկային փաստաթուղթ, որում նշված գործարքը (ապրանքի մատակարարում, աշխատանքի կատարում և (կամ) ծառայության մատուցում) այդ փաստաթուղթը կազմած կողմերի միջև փաստացի չի կատարվել կամ կատարվել է այդ փաստաթղթում նշված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ և (կամ) 8-րդ կետով սահմանված տվյալներից մեկի կամ մի քանիսի մեծությունից 20 և ավելի տոկոսով փոքր տվյալներով: Հաշվարկային փաստաթուղթը չի համարվում անապրանք փաստաթուղթ, եթե այն դուրս գրող հարկ վճարողը, ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն, կրում է գործարքը կատարելու պարտավորություն: Անապրանք փաստաթղթերը հարկ վճարողների կողմից հարկերի և (կամ) վճարների հաշվարկման և (կամ) վճարման համար հիմք չեն հանդիսանում.

56) ուղեկցող փաստաթուղթ՝ Օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով ապրանքի մատակարարումը կամ տեղափոխությունը հավաստող՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված համապատասխան հաշվարկային փաստաթուղթ.

57) առաքման վայր` հարկ վճարողին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող` հասցե ունեցող կամ չհասցեավորված անշարժ գույքի միավոր, առևտրի օբյեկտ, առևտրի իրականացման վայրի վաճառատեղ, շրջիկ առևտրի կետ, անշարժ գույքի միավորներից որպես միասնություն կազմված անշարժ գույքի օբյեկտ, ընդերքի տեղամաս, ներբնակավայրային և բնակավայրերի սահմանագծերից դուրս աշխարհագրական օբյեկտ կամ ընդհանրական տարածք (նույն հասցեում գտնվող կամ չգտնվող, սակայն հարկ վճարողին տիրապետման կամ օգտագործման իրավունքով պատկանող մեկ ընդհանրական` այլ անձանց տիրապետման կամ օգտագործման իրավունքով պատկանող տարածքներով չսահմանազատված տարածք), որտեղից մատակարարվում կամ տեղափոխվում է ապրանքը.

58) առաքման կետ` տրանսպորտային միջոց, որն օգտագործվում է հարկ վճարողի կողմից իր ապրանքները մատակարարելու կամ տեղափոխելու համար, ինչպես նաև շրջիկ առևտրի կետ.

59) էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների կամ այլ փաստաթղթերի ներկայացում` էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով՝ էլեկտրոնային տեխնոլոգիաների օգտագործմամբ (էլեկտրոնային թվային ստորագրության, էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի կիրառման միջոցով) հարկային հաշվարկների կամ այլ փաստաթղթերի ներկայացում հարկային մարմին.

60) էլեկտրոնային թվային ստորագրություն` «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ ստորագրող անձին նույնականացնող, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանող միջոց.

61) էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ` էլեկտրոնային թվային պայմանանշանների եզակի հաջորդականությամբ ներկայացված մուտքի անվան, ինչպես նաև գաղտնաբառի համակցություն, որը հնարավորություն է տալիս մուտք գործելու հարկային մարմնի տեղեկատվական համակարգ, նույնականացնել էլեկտրոնային փաստաթուղթը ներկայացնողին, ինչպես նաև ապահովում է էլեկտրոնային համակարգ մուտք գործողին վերաբերող տեղեկությունների գաղտնիությունն ու պաշտպանվածությունն այլ անձանց կողմից կատարվող գործողություններից.

62) հարկային վեճ՝ հարկերի ու վճարների հաշվարկման և վճարման, ինչպես նաև Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ պահանջների կատարման նկատմամբ հարկային մարմնի կողմից հարկային հսկողության (այդ թվում՝ ստուգումների, ուսումնասիրությունների) իրականացման հետ կապված հարաբերությունների շրջանակներում հարկ վճարողի և հարկային մարմնի միջև առաջացող անհամաձայնություն.

63) հարկային գաղտնիք՝ հարկ վճարողի, հարկ վճարողի գործունեության վերաբերյալ հարկային մարմնի կամ հարկային ծառայողի ստացած ցանկացած տեղեկություն, բացառությամբ՝

ա. հարկ վճարողի կողմից կամ նրա համաձայնությամբ հրապարակված տեղեկությունների,

բ. հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկության,

գ. հարկ վճարողի կանոնադրության մեջ ներառվող տեղեկությունների,

դ. հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման և կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ տեղեկությունների,

ե. հարկ վճարողի կամ հարկ վճարողի գործունեության վերաբերյալ միջազգային կամ միջգերատեսչական պայմանագրերի (համաձայնագրերի) հիման վրա այլ պետությունների հարկային կամ մաքսային մարմիններ ներկայացվող տեղեկությունների` այդ մարմիններ ներկայացնելու դեպքում,

զ. հարկ վճարողի կողմից հաշվետու ամսվա ընթացքում աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա հայտարարագրված աշխատողների թվի վերաբերյալ տեղեկատվության,

է. միասնական հաշվի միջոցով մարված պարտավորությունների, ինչպես նաև միասնական հաշվի միջոցով չմարվող հարկերի, վճարների և պետական տուրքի գծով պարտավորությունների մարման վերաբերյալ տեղեկատվության,

ը. հարկ վճարողի հարկման համակարգի վերաբերյալ տեղեկատվության,

թ. Օրենսգրքի 308-րդ հոդվածով սահմանված և սույն կետում չնշված՝ հրապարակման ենթակա տեղեկությունների:

64) պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթեր՝ հարկային մարմնի կողմից Օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ չվճարված հարկային պարտավորությունների գանձման կամ հարկ վճարողի գույքի արգելանքի վարչական վարույթների շրջանակներում ինչպես թղթային եղանակով, այնպես էլ էլեկտրոնային համակարգի միջոցով ընդունվող՝ Օրենսգրքով և օրենքով նախատեսված փաստաթղթեր (արձանագրություններ, արգելանքի հանձնարարագրեր, որոշումներ, ծանուցագրեր).

65) փաստաթղթերի էլեկտրոնային համակարգի միջոցով ընդունում՝ կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ընդունում և հաստատում էլեկտրոնային եղանակով, իսկ այդ հաստատված փաստաթղթերի բնօրինակի համապատասխանությունն արտաքին ձևի` էլեկտրոնային փաստաթղթի վրա վավերացվում է դրանք ընդունող համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային ստորագրությամբ.

66) հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցում՝ պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի՝ հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցում, որն իրականացվում է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով, իսկ դրա անհնարինության կամ տեղադրելու օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողի կողմից սույն կետով նախատեսված անձնական էջ մուտք չգործելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, որի մասին հարկ վճարողը ծանուցվում է հարկային մարմնում առկա իր էլեկտրոնային փոստով.

67) դեբիտորական պարտք՝ հարկ վճարողին այլ անձանց (դեբիտորների) կողմից վճարման (այլ ձևով հատուցման) ենթակա պարտքի գումար, բացառությամբ պետական կամ համայնքների բյուջեների նկատմամբ հարկային պարտավորությունների, տուրքերի և պարտադիր այլ վճարների գծով հարկ վճարողին վճարման (վերադարձման) ենթակա պարտքի գումարների.

68) կրեդիտորական պարտք՝ հարկ վճարողի կողմից այլ անձանց (կրեդիտորներին) վճարման (այլ ձևով հատուցման) ենթակա պարտքի (այդ թվում` աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, շահաբաժինների գծով) գումար, բացառությամբ պետական կամ համայնքների բյուջեների նկատմամբ հարկային պարտավորությունների, տուրքերի և պարտադիր այլ վճարների գծով հարկ վճարողի կողմից վճարման ենթակա պարտքի գումարների.

69) լիզինգի առարկա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված լիզինգի առարկան.

70) լիզինգի առարկայի սկզբնական արժեք` լիզինգառուի մոտ լիզինգի առարկայի ստացման փաստաթղթում արտացոլված արժեք, կառուցման կամ ստեղծման կամ մշակման ծախսերի (այդ թվում` չփոխհատուցվող և Օրենսգրքով սահմանված կարգով չհաշվանցվող (չնվազեցվող) հարկերի և վճարների), տեղափոխման, տեղակայման ծախսերի և (կամ) ձեռքբերման հետ անմիջականորեն կապված այլ ծախսերի հանրագումար` դրամական արտահայտությամբ.

71) լիզինգի առարկայի հաշվեկշռային արժեք` լիզինգառուի մոտ լիզինգի առարկայի սկզբնական արժեքի և հարկման նպատակով դրանից կատարված նվազեցումների (այդ թվում` մաշվածության կամ ամորտիզացիայի մասհանումների) տարբերություն` հաշվի առած Օրենսգրքի 121-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված կապիտալ ծախսերը:

(4-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 21.12.17 ՀՕ-266-Ն, խմբ., փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, փոփ., լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն, լրաց. 25.06.19 ՀՕ-68-Ն, 23.09.19 ՀՕ-172-Ն, խմբ. 10.09.19 ՀՕ-146-Ն, փոփ. 25.03.20 ՀՕ-185-Ն, լրաց. 01.06.20 ՀՕ-280-Ն, 18.06.20 ՀՕ-321-Ն, խմբ. 03.03.21 ՀՕ-80-Ն, փոփ., խմբ. 26.05.21 ՀՕ-244-Ն)

(18.06.20 ՀՕ-321-Ն-ի 2-րդ հոդվածի փոփոխությունների գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

(26.05.21 ՀՕ-244-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 17.11.21 ՀՕ-359-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։