Հոդված 422. Ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները սահմանված ժամկետում չվերադարձնելը, հետ չընդունելը կամ կորուստը
Հոդված 422. Ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները սահմանված ժամկետում չվերադարձնելը, հետ չընդունելը կամ կորուստը
1. Չօգտագործված կամ վնասված (բացառությամբ խոտանված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների) ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը Օրենսգրքի 396-րդ հոդվածի՝ համապատասխանաբար 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետներից ուշացնելու կամ Օրենսգրքի 396-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում հարկային մարմնի կողմից հետ չընդունվելու կամ կորստի դեպքում հաշվարկվում է տուգանք`
1) նախորդ հարկային տարվա ընթացքում ստացված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների թվաքանակի մինչև մեկ տոկոսի (ներառյալ) չափով ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը սահմանված ժամկետներից ուշացնելու կամ հարկային մարմնի կողմից հետ չընդունվելու կամ դրանց կորստի դեպքում՝ յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի համար՝ 50 դրամ.
2) նախորդ հարկային տարվա ընթացքում ստացված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների թվաքանակի 1-ից մինչև 10 տոկոսի (ներառյալ) չափով ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը սահմանված ժամկետներից ուշացնելու կամ հարկային մարմնի կողմից հետ չընդունվելու կամ դրանց կորստի դեպքում՝ յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի համար՝ 100 դրամ.
3) նախորդ հարկային տարվա ընթացքում ստացված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների թվաքանակի 10-ից մինչև 50 տոկոսի (ներառյալ) չափով ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը սահմանված ժամկետներից ուշացնելու կամ հարկային մարմնի կողմից հետ չընդունվելու կամ դրանց կորստի դեպքում՝ յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի համար՝ 300 դրամ.
4) նախորդ հարկային տարվա ընթացքում ստացված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների թվաքանակի 50 տոկոսից ավելի չափով ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը սահմանված ժամկետներից ուշացնելու կամ հարկային մարմնի կողմից հետ չընդունվելու կամ դրանց կորստի դեպքում՝ յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի համար՝ 500 դրամ:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված նախորդ հարկային տարին որոշվում է՝
1) չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը Օրենսգրքի 396-րդ հոդվածի համապատասխանաբար 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում՝ որպես հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտի կազմման ամսաթիվը ներառող հարկային տարվան նախորդող հարկային տարի.
2) Օրենսգրքի 396-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում հարկային մարմնի կողմից հետ չընդունվելու դեպքում՝ որպես հարկային մարմնի կողմից՝ Օրենսգրքի 396-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված վավերապայմաններին համապատասխանության (անհամապատասխանության) մասին որոշման ընդունման ամսաթիվը ներառող հարկային տարվան նախորդող հարկային տարի.
3) ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների կորստի դեպքում՝ որպես ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները կորած համարվելու վերաբերյալ հարկ վճարողի դիմումի (գրության) հիման վրա հարուցված՝ հարկային մարմնի ղեկավարի լիազորած ստորաբաժանման ղեկավարի ընդունած վարչական ակտի կազմման ամսաթիվը ներառող հարկային տարվան նախորդող հարկային տարի:
3. Նախորդ հարկային տարվա ընթացքում հարկ վճարողի կողմից ակցիզային դրոշմանիշեր և (կամ) դրոշմապիտակներ ստացված չլինելու դեպքում, ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը սահմանված ժամկետներից ուշացնելու կամ հարկային մարմնի կողմից հետ չընդունվելու կամ դրանց կորստի դեպքում տուգանքը հաշվարկվում է յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի համար՝ 50 դրամ:
4. Անկախ սույն հոդվածի դրույթներից՝ մինչև սույն հոդվածով սահմանված դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը սահմանված ժամկետներից ուշացնելու համար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի վարչական ակտի ընդունումը սահմանված ժամկետում չվերադարձված՝ չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները վերադարձնելու և հարկային մարմնի կողմից դրանց հետընդունման ակտը վարույթ իրականացնող մարմին ներկայացվելու դեպքում դրանց մասով յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի համար հաշվարկվում և գանձվում է տուգանք 100 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 100 հազար դրամ:
5. Սույն գլխի իմաստով՝ խոտանված են համարվում դրոշմավորման ընթացքում վնասված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները, որոնց քանակը չի գերազանցում Օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան ներկայացված վերջին հաշվետվությունում նշված՝ օգտագործված դրոշմապիտակների քանակի 0,5 տոկոսը:
(422-րդ հոդվածը փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն, փոփ., լրաց. 16.12.21 ՀՕ-408-Ն)
(հոդվածը 23.03.22 ՀՕ-88-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի հրապարակման օրվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից)