Հոդված 443. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումը
Հոդված 443. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումը
1. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովն ընդունված դիմում-բողոքի վերաբերյալ կայացնում է պատճառաբանված որոշում՝
1) դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին.
2) դիմում-բողոքը բավարարելու մասին.
3) դիմում-բողոքը մասնակի բավարարելու մասին.
4) դիմում-բողոքը մերժելու մասին.
5) վերստուգում անցկացնելու մասին:
2. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է հանձնաժողովի անդամներից առնվազն վեց հոգի: Որոշումները կայացվում են քվեարկությամբ՝ պարզ մեծամասնության ձևով: Բանավոր ընթացակարգով քննության արդյունքում որոշումներն ընդունվում են նիստի ընթացքում բաց քվեարկությամբ, իսկ գրավոր ընթացակարգով քննության արդյունքում՝ քննության օրը գրավոր քվեարկությամբ:
3. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշումներն էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրում է հանձնաժողովի նախագահը: Որոշումներն ուժի մեջ են մտնում իրազեկելուն հաջորդող օրվանից: Հանձնաժողովը որոշման ընդունման մասին դիմումատուին իրազեկում է որոշումն ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում որոշումը տեղադրելու եղանակով: Հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում որոշման տեղադրումը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից: Հանձնաժողովը որոշման ընդունման մասին որպես հարկ վճարող չհաշվառված ֆիզիկական անձանց իրազեկում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով:
4. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել դատարան:
(443-րդ հոդվածը փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն, խմբ., փոփ. 12.04.22 ՀՕ-89-Ն)
(12.04.22 ՀՕ-89-Ն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն մինչև 12.04.22 ՀՕ-89-Ն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետը հանձնաժողովը որոշման ընդունման մասին դիմումատուին իրազեկում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով)
(12.04.22 ՀՕ-89-Ն օրենքն ունի անցումային դրույթ)