Հոդված 74. Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը
Հոդված 74. Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը
1. Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարը հաշվարկվում է որպես ԱԱՀ վճարող համարվելու հաշվետու ժամանակաշրջանում իրականացված՝ Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարի և Օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվանցվող (պակասեցվող) ԱԱՀ-ի գումարների (եթե Օրենսգրքի 72-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ) բացասական տարբերություն (այսուհետ՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար): ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար է համարվում նաև հարկման հատուկ համակարգում գործող հարկ վճարողի կողմից ներկայացված՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացող ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, որը վերաբերում է ԱԱՀ վճարող համարվելու հաշվետու ժամանակաշրջանին:
2. Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով առաջացող ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարն ուղղվում է հաշվետու ժամանակաշրջանների գործունեության արդյունքներով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացող՝ պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների, ինչպես նաև Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքով արձանագրվող՝ ԱԱՀ-ի լրացուցիչ գումարների մարմանը: Եթե յուրաքանչյուր հաշվետու ամսվա ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման օրվան հաջորդող օրվա դրությամբ հարկ վճարողն ունի ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա Օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված պարզեցված ընթացակարգով կամ Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին:
(74-րդ հոդվածը փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն, խմբ. 26.05.21 ՀՕ-244-Ն)
(74-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 71-րդ հոդվածի համաձայն վերաբերում է 2019 թվականի հուլիսի 1-ից հետո սկսվող հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացող փոխհատուցվող գումարներին:)
(26.05.21 ՀՕ-244-Ն օրենքն ունի անցումային դրույթ)