Հոդված 395. Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների նմուշների և տեխնիկական պահանջների սահմանումը
Հոդված 395. Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների նմուշների և տեխնիկական պահանջների սահմանումը
1. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների դրոշմավորման համար կիրառվող ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների նմուշները, չափը, ձևը, գույնը և տեխնիկական պահանջները սահմանում է հարկային մարմինը:
2. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքների ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները պետք է տարբերվեն գույնով և համապատասխանաբար` «տեղական» կամ «ներմուծված» մակագրությունով:
3. Ակցիզային դրոշմանիշը և (կամ) դրոշմապիտակը պետք է հնարավորություն ընձեռեն Apple iOS 6, Android 4, Windows Phone 8, ինչպես նաև համարժեք կամ առավել բարձր օպերացիոն համակարգերից որևէ մեկով աշխատող համընդհանուր օգտագործման էլեկտրոնային շարժական սարքի (բջջային հեռախոս, պլանշետ և այլն) միջոցով տեսանելի դարձնելու ապրանքն արտադրողի կամ ներմուծողի անվանումը, հասցեն, ՀՎՀՀ-ն, ապրանքի տեսակը, ենթատեսակը (նկարագիրը), ապրանքի տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորը, բացառությամբ Օրենսգրքի 390-րդ հոդվածով սահմանված` ԱՏԳ ԱԱ 3304, 3305, 3401 և 3402 ծածկագրերին դասվող այն ապրանքների դրոշմավորման համար նախատեսված դրոշմապիտակների, որոնց համար հնարավոր չէ սահմանել համապատասխան չափման միավոր): ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների) դրոշմապիտակները պետք է հնարավորություն ընձեռեն տեսանելի դարձնելու նաև դեղի ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարը և դրանում դեղի հերթական համարը:
4. Ակցիզային դրոշմանիշը և (կամ) դրոշմապիտակը դրոշմավորման ենթակա ապրանքի վրա փակցնելուց (դրոշմավորելուց) հետո պետք է բացառվի այն անվնաս պոկելու հնարավորությունը:
(395-րդ հոդվածը լրաց. 01.06.20 ՀՕ-281-Ն, փոփ. 16.12.21 ՀՕ-408-Ն)
(հոդվածը 12.07.23 ՀՕ-251-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից)