Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-12-26-ից մինչև 2023-12-29։Բացել գործող տեքստը
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԸԳլուխ 22 · ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 109. Եկամտի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները

գործել է մինչև 2023-12-29Բացել ARLIS-ում

Հոդված 109. Եկամտի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները

1. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով՝

1) շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի (այսուհետ սույն մասում` շենք) օտարումից եկամուտը հաշվարկվում է դրանց համար Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսից (այսուհետ սույն կետում՝ կադաստրային արժեք) ոչ պակաս չափով: 2021 թվականի հունվարի 1-ից հետո իրավունքի պետական գրանցում ստացած՝ անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա շենքերի, շինությունների (այդ թվում՝ անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարումից եկամուտը հաշվարկվում է անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ գործող՝ անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով սահմանված կարգով, սակայն անշարժ գույքի օտարման օրվա դրությամբ անշարժ գույքի որակական և քանակական բնութագրիչների հիման վրա հաշվարկված՝ անշարժ գույքի հաշվարկային արժեքի 80 տոկոսից (այսուհետ սույն կետում՝ հաշվարկային արժեք) ոչ պակաս չափով: Այդ չափից պակաս հատուցման (առանց ԱԱՀ-ի) դեպքում կադաստրային արժեքի (հաշվարկային արժեքի) և փաստացի հատուցման գումարի (առանց ԱԱՀ-ի) դրական տարբերությունը՝ որպես ներված պարտավորություն, գործարքի կատարման օրը ներառվում է նոր սեփականատիրոջ եկամուտների մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ օտարողը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ, որի դեպքում նոր սեփականատիրոջ մոտ ներված պարտավորություն չի առաջանում: Ընդ որում, ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից շենքն այլ անձի (ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ) կադաստրային արժեքից (հաշվարկային արժեքից) ցածր գնով (առանց ԱԱՀ-ի) օտարելու դեպքում`

ա. օտարող ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի եկամուտները հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի (հաշվարկային արժեքի) չափով, որից նվազեցվում է օտարման օրն ընդգրկող ամսվա 1-ի դրությամբ տվյալ շենքի հաշվեկշռային արժեքը, ինչպես նաև ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի համար այդ գործարքից օրենքով սահմանված կարգով լրացուցիչ հաշվարկվող այլ հարկեր,

բ. գնորդ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի համար շենքի սկզբնական արժեքը որոշվում է կադաստրային արժեքով (հաշվարկային արժեքով), իսկ շենքի կադաստրային արժեքի (հաշվարկային արժեքի) և փաստացի ձեռքբերման գնի (առանց ԱԱՀ-ի) տարբերությունը՝ որպես ներված պարտավորություն, ներառվում է համախառն եկամտի մեջ.

2) շենքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով եկամուտը հաշվարկվում է դրանց համար օրենքով սահմանված կարգով գնահատված` շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 80 տոկոսի (գյուղատնտեսական նշանակության հողամասի դեպքում՝ հաշվարկային զուտ եկամտի) (այսուհետ սույն կետում՝ կադաստրային արժեք), իսկ դրա բացակայության դեպքում՝ անշարժ գույքի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող կադաստրային արժեքի 2.5 տոկոսից ոչ պակաս չափով՝ հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ չափից պակաս հատուցման (առանց ԱԱՀ-ի) դեպքում կադաստրային արժեքի, իսկ դրա բացակայության դեպքում` անշարժ գույքի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող կադաստրային արժեքի 2.5 տոկոսի և փաստացի վարձակալական վճարի (առանց ԱԱՀ-ի) դրական տարբերությունը՝ որպես ներված պարտավորություն, սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված պահին ներառվում է վարձակալի կամ փոխառուի եկամուտների մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ վարձատուն կամ փոխատուն հանդիսանում է անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ, որի դեպքում վարձակալի կամ փոխառուի մոտ ներված պարտավորություն չի առաջանում: Ընդ որում`

ա. ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից շենքն այլ անձի կադաստրային արժեքի 2.5 տոկոսից (տարեկան կամ տարեկանի վերածած) ցածր գումարով (առանց ԱԱՀ-ի) վարձակալության հանձնման դեպքում`

- վարձատու ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի եկամուտները հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի տարեկան 2.5 տոկոսից ելնելով (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի վարձակալության փաստացի ժամանակահատվածը), և շահութահարկով հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են շենքի ամորտիզացիոն մասհանումները (կարճաժամկետ կամ գործառնական վարձակալության դեպքում), ինչպես նաև ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի համար այդ գործարքից օրենքով սահմանված կարգով լրացուցիչ հաշվարկվող այլ հարկեր,

- վարձակալ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի համար վարձակալության հետ կապված ծախսերը հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի տարեկան 2.5 տոկոսից ելնելով (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի վարձակալության փաստացի ժամանակահատվածը), իսկ շենքի կադաստրային արժեքի 2.5 տոկոսի (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի վարձակալության փաստացի ժամանակահատվածը) և փաստացի վարձավճարի (առանց ԱԱՀ-ի) տարբերությունը՝ որպես ներված պարտավորություն, ներառվում է համախառն եկամտի մեջ,

բ. ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից շենքն այլ անձի անհատույց օգտագործման հանձնելու դեպքում`

- փոխատու ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի եկամուտները հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի 2.5 տոկոսից ելնելով (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի անհատույց օգտագործման փաստացի ժամանակահատվածը), և շահութահարկով հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են շենքի ամորտիզացիոն մասհանումները, ինչպես նաև ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի համար այդ գործարքից օրենքով սահմանված կարգով լրացուցիչ հաշվարկվող այլ հարկեր,

- փոխառու ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի համար վարձավճարները հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի տարեկան 2.5 տոկոսից ելնելով (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի անհատույց օգտագործման փաստացի ժամանակահատվածը), իսկ շենքի կադաստրային արժեքի 2.5 տոկոսը (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի անհատույց օգտագործման փաստացի ժամանակահատվածը)՝ որպես ներված պարտավորություն, ներառվում է համախառն եկամտի մեջ:

Սույն կետի առաջին պարբերության կիրառության իմաստով՝ միայն շինությունը (այդ թվում՝ շենքը, բնակելի կամ այլ տարածքը) կամ միայն հողամասը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված լինելու դեպքում կադաստրային արժեք է համարվում միայն շինության կամ միայն հողամասի՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 80 տոկոսը (գյուղատնտեսական նշանակության հողամասի դեպքում՝ հաշվարկային զուտ եկամուտը), իսկ շինությունը և հողամասը միասին վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված լինելու դեպքում՝ շինության և հողամասի՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների հանրագումարի 80 տոկոսը:

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում սույն կետով սահմանված գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու և (կամ) այդ գույքի վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը դադարեցվելու դեպքում այդ հաշվետու ժամանակաշրջանում նշված գործարքների մասով եկամուտը հաշվարկվում է որպես սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված եկամտի և հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու օրերի՝ հաշվետու ժամանակաշրջանում ներառվող օրերի մեջ ունեցած տեսակարար կշռի արտադրյալ.

3) ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից շենքն այլ անձի սույն մասի 2-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված կադաստրային արժեքի 2.5 տոկոսից (տարեկան կամ տարեկանի վերածած) ոչ պակաս գնով (առանց ԱԱՀ-ի) վարձակալության հանձնման դեպքում հարկերը հաշվարկվում են, և ակտիվներն ու պարտավորությունները հաշվառվում են` հիմք ընդունելով գործարքի փաստացի գինը:

Սույն մասի դրույթները չեն կիրառվում՝

1) եթե սույն մասով սահմանված գույքային միավորների օտարման կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքի կողմ է համարվում պետությունը կամ համայնքը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը կատարվում է այլ կազմակերպության միջոցով).

2) բանկի կամ վարկային կազմակերպության կողմից սույն մասով սահմանված այնպիսի գույքային միավորների օտարման գործարքների դեպքում, որոնց նկատմամբ բանկի կամ վարկային կազմակերպության գրավի իրավունքը գրանցվել է մինչև «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը, և այդ գույքը բանկին կամ վարկային կազմակերպությանը սեփականության իրավունքով փոխանցվել է հարկադիր կամ սնանկության աճուրդում գնման արդյունքում.

3) եթե բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությանն անցած (այդ թվում՝ պարտքի դիմաց ստացված)՝ սույն մասով սահմանված՝ գրավ դրված գույքային միավորները բանկի կամ վարկային կազմակերպության կողմից այդ գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, օտարվում են այդ գույքի նախկին սեփականատիրոջը (որի գույքի վրա տարածվել էր բռնագանձումը) կամ նրա իրավահաջորդին.

4) լիզինգի (տարատեսակների) պայմանագրի շրջանակներում լիզինգատուի կողմից լիզինգառուին սույն մասով սահմանված գույքային միավորների օտարման գործարքների նկատմամբ.

5) Կառավարության որոշումների հիման վրա սույն մասով սահմանված գույքային միավորների օտարման կամ վարձակալության հանձնման գործարքների նկատմամբ։

1.1. Հարկադիր կամ սնանկության աճուրդում գնման արդյունքում բանկին կամ վարկային կազմակերպությանը սեփականության իրավունքով փոխանցված՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գույքային միավորների օտարումից եկամուտը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով գործարքի փաստացի գինը (առանց ԱԱՀ-ի), բայց ոչ պակաս, քան հարկադիր կամ սնանկության աճուրդում այդ գույքը ձեռք բերելու գինը (առանց ԱԱՀ-ի): Սույն մասով սահմանված կարգավորումները կիրառվում են միայն այն գույքային միավորների օտարման գործարքների մասով, որոնց նկատմամբ բանկի կամ վարկային կազմակերպության գրավի իրավունքը գրանցվել է մինչև «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը:

1.2. ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոց արտադրողի դիստրիբյուտոր կամ դիլեր չհանդիսացող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից՝

1) իրացման նպատակով ներմուծված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի՝ ներմուծողի կողմից օտարումից եկամուտը հաշվարկվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված՝ ԱԱՀ-ով հարկման բազայի և տվյալ տրանսպորտային միջոցի ներմուծման համար Օրենսգրքով սահմանված կարգով վճարված բնապահպանական հարկի հանրագումարի և 1.2 գործակցի արտադրյալից ոչ պակաս չափով.

2) ոչ իրացման նպատակով ներմուծված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի՝ ներմուծողի կողմից օտարումից եկամուտը հաշվարկվում է տվյալ տրանսպորտային միջոցի համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ հաշվեկշռային արժեքի և 1.2 գործակցի արտադրյալից ոչ պակաս չափով:

1.3. Սույն հոդվածի 1.2-րդ մասի կիրառության իմաստով համարվում է, որ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցը ներմուծվել է՝

1) իրացման նպատակով, եթե այդ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը օրենքով սահմանված ժամկետում և կարգով չի ստացել պետական գրանցում.

2) ոչ իրացման նպատակով, եթե այդ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը օրենքով սահմանված ժամկետում և կարգով ստացել է պետական գրանցում:

2. Միջնորդական ծառայությունների մատուցումից (հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրերի հիման վրա ծառայությունների մատուցումից) ստացվող եկամուտը որոշվում է հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի վարձատրության և նրանց կողմից իրենց անունով կատարած ծախսերի դիմաց, որպես փոխհատուցում, ստացվող հատուցման հանրագումարով:

3. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հաշվառման հաշվեգրման մեթոդի կիրառության շրջանակներում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված, եթե համապատասխան գումարը ենթակա է շահութահարկ վճարողին (բացառությամբ առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի) անվերապահ վճարման (հատուցման), կամ շահութահարկ վճարողը (բացառությամբ առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի) կատարել է գործարքից կամ պայմանագրից բխող պարտավորությունները, եթե նույնիսկ այդ իրավունքի բավարարման պահը հետաձգվել է, կամ վճարումներն իրականացվում են մաս-մաս: Մասնավորապես՝

1) ապրանքի մատակարարումից եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված Օրենսգրքի 38-րդ հոդվածով սահմանված՝ ապրանքի մատակարարման պահին.

2) աշխատանքի կատարումից և (կամ) ծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված Օրենսգրքի 40-րդ հոդվածով սահմանված՝ աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման պահին.

3) տոկոսների (այդ թվում` լիզինգի (տարատեսակների) պայմանագրերի շրջանակներում հաշվարկվող տոկոսի գումարների) տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված պարտքի ժամկետը լրանալու պահից: Եթե պարտքի ժամկետը ներառում է մի քանի հաշվետու ժամանակաշրջան, ապա պարտքին վերաբերող տոկոսների տեսքով եկամուտները հաշվեգրվում են այդ հաշվետու ժամանակաշրջաններին համապատասխան.

4) վարձակալական վճարի տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալու պահից: Եթե վարձակալության պայմանագրի ժամկետը ներառում է մի քանի հաշվետու ժամանակաշրջան, ապա վարձակալական վճարների տեսքով եկամուտները հաշվեգրվում են այդ հաշվետու ժամանակաշրջաններին համապատասխան.

5) շահաբաժինների տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված բաժնետերերի (փայատերերի) ժողովի կողմից հաշվետու տարվա գործունեության արդյունքներով ստացված շահույթից շահաբաժինների բաշխման մասին որոշման ընդունման օրը:

4. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ են համարվում նաև՝

1) առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների անհատույց ստացված ակտիվները: Սույն կետով սահմանված դեպքում՝

ա. ակտիվները (բացառությամբ դրամական միջոցների և հողամասերի) եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ դրանք ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ` անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից,

բ. դրամական միջոցները եկամուտ են համարվում դրանց ստացման հարկային տարում, եթե այլ բան նախատեսված չէ սույն կետի «բ1», «բ2», «բ3» և «բ4» ենթակետերով,

բ1. պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում ստացված նպատակային դրամական միջոցները եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ այդ դրամական միջոցները կամ այդ դրամական միջոցներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ՝ անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից,

բ2. պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում որպես արդեն իսկ կատարված ծախսերի կամ ստացված վնասների փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցները եկամուտ են համարվում դրանց ստացման հարկային տարում, բացառությամբ սույն կետի «բ3» ենթակետով նախատեսված դեպքերի,

բ3. պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում շահութահարկ վճարողների կողմից որպես ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվների գծով արդեն իսկ կատարված ծախսերի փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցները եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ՝ անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից,

բ4. օտարերկրյա պետությունների, միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված գյուղատնտեսական կոոպերատիվի ստացած նպատակային դրամական միջոցները եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ այդ դրամական միջոցները կամ այդ դրամական միջոցներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ՝ անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից,

գ. հողամասերը եկամուտ են համարվում տասը հարկային տարիների ընթացքում, ներառյալ՝ դրանց ստացման հարկային տարին՝ յուրաքանչյուր հարկային տարում հավասարաչափ: Եթե սույն ենթակետով սահմանված ժամանակահատվածում անհատույց ստացված հողամասն օտարվում է, ապա հողամասի արժեքի՝ դեռևս եկամուտ չհամարված մասը եկամուտ է համարվում հողամասի օտարման հարկային տարում,

դ. ակտիվների սկզբնական արժեքները, եթե սույն կետի «ե» ենթակետով այլ բան սահմանված չէ, որոշվում են այդ ակտիվների ստացման գործարքներին վերաբերող փաստաթղթերում նշված արժեքների հիման վրա, իսկ այդ փաստաթղթերում արժեք նշված չլինելու դեպքում՝ դրանք ստացող շահութահարկ վճարողի նախաձեռնությամբ իրականացվող փորձաքննության արդյունքներով որոշվող շուկայական գների հիման վրա,

ե. շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի սկզբնական արժեքները որոշվում են Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսից ոչ պակաս չափով.

2) համատեղ գործունեության մասնակցից, որպես համատեղ գործունեության մեջ կատարվող ներդրում, համատեղ գործունեության հաշվետու մասնակցի ստացած ակտիվները, եթե դրանք ստացվում են մինչև հաշվետու մասնակցի կողմից Օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված հայտարարության ներկայացումը: Սույն կետով սահմանված ակտիվները՝

ա. եկամուտ են համարվում սույն մասի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով սահմանված կարգերով,

բ. ակտիվների սկզբնական արժեքները որոշվում են Օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված՝ համատեղ գործունեության պայմանագրի համաձայն, իսկ համատեղ գործունեության պայմանագրով ներդրման արժեք նախատեսված չլինելու դեպքում՝ հաշվետու մասնակցի նախաձեռնությամբ իրականացվող փորձաքննության արդյունքներով որոշվող շուկայական գների հիման վրա.

3) դատարանի որոշումների հիման վրա տիրազուրկ ճանաչված և սեփականության իրավունքով շահութահարկ վճարողին փոխանցվող ակտիվները: Սույն կետով սահմանված ակտիվները եկամուտ են համարվում սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով և չափով.

4) տիրազուրկ ակտիվների նկատմամբ շահութահարկ վճարողի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով (բացառությամբ դատարանի որոշումների հիման վրա) իր իրավունքների ճանաչման դեպքում` տիրազուրկ ակտիվները: Սույն կետով սահմանված՝

ա. ակտիվները եկամուտ են համարվում դրանց նկատմամբ շահութահարկ վճարողի իրավունքների ճանաչման հարկային տարում,

բ. ակտիվների սկզբնական արժեքները որոշվում են դրանք ստացող շահութահարկ վճարողի մոտ առկա նույն, իսկ դրա բացակայության դեպքում՝ համանման ակտիվների արժեքի չափով, իսկ այդպիսի ակտիվների բացակայության դեպքում՝ դրանք ստացող շահութահարկ վճարողի նախաձեռնությամբ իրականացվող փորձաքննության արդյունքներով որոշվող շուկայական գների հիման վրա.

5) գույքագրման ժամանակ հայտնաբերված գույքի ավելցուկը՝ հիմք ընդունելով այդ գույքի սկզբնական արժեքը: Սույն կետի կիրառության իմաստով՝ գույքագրման ժամանակ հայտնաբերված գույքի ավելցուկ է համարվում այն գույքը, որը շահութահարկ վճարողի մոտ որևէ կերպ հաշվառված չէ, և միաժամանակ առկա չեն այդ գույքի՝ շահութահարկ վճարողին կամ այլ կազմակերպությանը կամ այլ ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանելիությունը հիմնավորող փաստաթղթերը, բացառությամբ այն դեպքերի, երբ գույքը շահութահարկ վճարողի կողմից օգտագործվում է վարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագրի հիման վրա: Սույն կետով սահմանված դեպքում՝

ա. գույքը եկամուտ է համարվում դրա հայտնաբերման հարկային տարում,

բ. գույքի սկզբնական արժեքը որոշվում է այն ստացող շահութահարկ վճարողի մոտ առկա նույն, իսկ դրա բացակայության դեպքում՝ համանման գույքի արժեքի չափով, իսկ այդպիսի գույքի բացակայության դեպքում՝ ստացող շահութահարկ վճարողի նախաձեռնությամբ իրականացվող փորձաքննության արդյունքներով որոշվող շուկայական գների հիման վրա.

6) կողմերի միջև փաստացի առաջացած (առկա) պարտավորությունների՝ ամբողջությամբ կամ մասնակի զեղչումից կամ ներումից ստացվող եկամուտները, բացառությամբ հարկային արտոնությունների և վճարների գծով տրվող արտոնությունների գումարների: Սույն կետի կիրառության իմաստով՝ պարտավորության զեղչումից ստացվող եկամուտ չի առաջանում, եթե զեղչվում է կողմերի միջև իրականացվող գործարքի արժեքը` մինչև կողմերի մոտ պարտավորությունների փաստացի առաջացման պահը.

7) ապահովագրական հատուցումները.

8) պատճառված վնասի (կրած կորստի) հատուցումից ստացվող այլ եկամուտները.

9) տույժերի, տուգանքների և գույքային այլ պատժամիջոցների տեսքով եկամուտները, բացառությամբ միասնական հաշվին առկա գումարների վերադարձն Օրենսգրքի 327-րդ հոդվածով սահմանված ժամկետից 30 օրվանից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացված օրվա համար հարկ վճարողի օգտին հաշվեգրված տույժերի.

10) անվավեր ճանաչված գործարքների մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից կատարված նվազեցումները.

11) Կառավարության սահմանած կարգով շահութահարկ վճարողների (բացառությամբ սույն մասի 12-րդ կետով սահմանված դեպքերի) կողմից՝

ա. դուրս գրված հարկման նպատակով դուրս գրման ենթակա կրեդիտորական պարտքերի գումարները,

բ. նախկինում դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի մարման գումարները,

գ. դուրս չգրված դեբիտորական պարտքերի մարման դեպքում` սահմանված կարգով պահուստին կատարված մասհանումների գումարները:

Սույն կետի կիրառության իմաստով՝

ա. այն դեպքում, երբ սահմանված չէ դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի մարման ժամկետ, դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի մարման ժամկետ է համարվում այդ պարտքը առաջացնող գործարքի (գործառնության, փաստի) կատարման օրվան հաջորդող 60-րդ օրը,

բ. ցպահանջ դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է պահանջ ներկայացնելու օրվանից, բայց գործարքի կատարմանը հաջորդող 61-րդ օրվանից ոչ ուշ,

գ. այն դեպքում, երբ դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի մարման ժամկետը մինչև դրանց անհուսալի դառնալը փոխադարձ համաձայնությամբ երկարաձգվում է, դեբիտորական կամ կրեդիտորական պարտքը համարվում է կետանցված նոր ժամկետում չմարվելու դեպքում,

դ. դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի մասնակի մարումը չի համարվում պարտքի (չմարված գումարի մասով) մարման ժամկետի հետաձգում,

ե. նույն հարկ վճարողների միջև տարբեր գործարքներից (գործառնություններից, փաստերից) առաջացած դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի մարման (մասնակի մարման) դեպքում՝ մարվող (մասնակի մարվող) դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի վերաբերյալ տեղեկության բացակայության դեպքում մարված (մասնակի մարված) է ընդունվում ավելի վաղ ժամկետում առաջացած դեբիտորական կամ կրեդիտորական պարտքը,

զ. անհուսալի ճանաչված դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի դուրսգրումը չի համարվում դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի ներում,

է. այն դեպքում, երբ դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի գծով հաշվարկվել են տույժեր, տուգանքներ կամ տոկոսներ, ապա այդ դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերն անհուսալի ճանաչելու և դուրս գրելու ժամանակ դրանց հետ մեկտեղ անհուսալի են ճանաչվում և դուրս գրվում դրանց գծով հաշվարկված տույժերը, տուգանքները կամ տոկոսները,

ը. նույն հարկ վճարողների միջև տարբեր գործարքներից (գործառնություններից, փաստերից) միմյանց նկատմամբ հանդիպակաց դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի հաշվանցումը կատարվում է միայն գրավոր համաձայնությամբ,

թ. կրեդիտորական պարտքի ներման կամ այլ ձևով պարտքը չպահանջելու վերաբերյալ պարտատիրոջ որոշման և (կամ) համաձայնության կամ երրորդ անձին պարտքի անհատույց փոխանցման դեպքում եկամուտ է համարվում ներված կամ չպահանջված կամ անհատույց փոխանցված կրեդիտորական պարտքի գումարը, եթե մինչ այդ այն չի դիտվել որպես անհուսալի: Սույն ենթակետի կիրառության իմաստով՝ համարվում է, որ առկա է այլ ձևով կրեդիտորական պարտքը չպահանջելու վերաբերյալ պարտատիրոջ որոշում և (կամ) համաձայնություն, եթե կրեդիտորական պարտքի կետանցված դառնալու օրվան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում պարտատերը պարտքի կատարումն ապահովելու պահանջով չի դիմել դատարան, բացառությամբ հանրային ծառայությունների մատուցման արդյունքում առաջացող կրեդիտորական պարտքերի,

ժ. Կառավարության սահմանած կարգի համաձայն անհուսալի չճանաչված կրեդիտորական պարտքը երրորդ անձին հատուցմամբ փոխանցման, իսկ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում կրեդիտորական պարտքը նոտարի կամ դատարանի դեպոզիտ վճարելու դեպքում եկամուտ է համարվում կրեդիտորական պարտքի՝ չհատուցված (չվճարված) մասը.

12) Կառավարության լիազոր մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց կողմից՝

ա. դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի գումարները,

բ. նախկինում հաշվեկշռից դուրս գրված անհուսալի ակտիվների և ինվեստիցիոն արժեթղթերի` հաշվեկշռում վերականգնման արդյունքում հաշվեգրված եկամուտները, բացառությամբ Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով սահմանված դեպքերի,

գ. հաշվեկշռից դուրս չգրված ակտիվների դեպքում` սահմանված կարգով ձևավորված պահուստների նվազեցման գծով հաշվեգրված եկամուտները.

13) ապահովագրական ընկերությունների տեխնիկական պահուստների, տեխնիկական պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի գծով ճանաչվող եկամուտները.

14) վերաապահովագրության փոխանցված պայմանագրերից ապահովագրական ընկերությունների ստացվող կոմիսիոն վարձատրությունները.

15) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ածանցյալ ֆինանսական գործիքների միասնական գրանցամատյանում գրանցված ածանցյալ ֆինանսական գործիքներով ստացվող այն վճարումները, որոնք ձևավորվել են պարտավորությունների հաշվանցի և (կամ) զուտացման արդյունքում: Սույն կետի կիրառությունն ապահովելու նպատակով հարկային մարմնին առևտրի գրանցամատյանից տեղեկությունների տրամադրման կարգը, ժամկետները և ծավալները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ իրավական ակտով.

16) Օրենսգրքի 73-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներին ավելացվող գումարները, եթե այդ գումարները շահութահարկով հարկման նպատակով ճանաչվել են որպես համախառն եկամտից նվազեցում: Սույն կետով սահմանված ավելացվող գումարները ներառվում են այն հարկային տարվա համախառն եկամտի մեջ, որում ներառված՝ ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով կատարվում է հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների ավելացումը:

5. Եթե Կառավարության սահմանած ապրանքատեսակների մատակարարման գործարքների մասով ապրանքի մատակարարման դիմաց հատուցման ենթակա գումարը, կնքված պայմանագրի համաձայն, ենթակա է ճշտման` ճշգրտվող տվյալների (ապրանքի վերջնական քանակի, որակական հատկանիշների) հիման վրա՝ ապրանքն ստանալուց կամ դրա վերամշակումն ավարտելուց հետո, ապա այդ ապրանքի մատակարարման դեպքում եկամուտը որոշվում է օտարերկրյա բորսայի կամ հանդեսի կողմից հրապարակվող տվյալներով որոշվող` ապրանքի միավորի հաշվարկային գնի և տվյալ ապրանքի մատակարարման պայմանագրով նախատեսվող ճշգրտվող տվյալների (մասնավորապես` ապրանքի վերջնական քանակի, որակական հատկանիշների) հիման վրա (անկախ վերջնահաշվարկի արդյունքում վճարման ենթակա հատուցման գումարից): Սույն մասի կիրառության իմաստով՝

1) եկամտի որոշման նպատակով ճշգրտվող տվյալները, դրանց ճշգրտման առավելագույն սահմանները, ինչպես նաև ապրանքի միավորի հաշվարկային գնի որոշման կարգը (ներառյալ՝ հաշվարկային գնի որոշման պարբերականությունը) սահմանում է Կառավարությունը.

2) ապրանքի մատակարարման գործարքների դեպքում ապրանքի մատակարարման դիմաց եկամտի ավելացումը կամ պակասեցումը ներառվում է ապրանքի մատակարարման դիմաց եկամտի վերջնական գումարը հայտնի դառնալու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող շահութահարկի հաշվարկում՝ որպես եկամտի ավելացում կամ պակասեցում:

(109-րդ հոդվածը փոփ. 13.12.17 ՀՕ-264-Ն, խմբ., փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն, 25.06.19 ՀՕ-68-Ն, 18.06.20 ՀՕ-321-Ն, 26.05.21 ՀՕ-215-Ն, փոփ., լրաց., խմբ. 04.06.21 ՀՕ-276-Ն, փոփ. 04.05.22 ՀՕ-111-Ն, փոփ., խմբ., լրաց. 22.03.23 ՀՕ-120-Ն, լրաց. 16.11.23 ՀՕ-358-Ն, խմբ., լրաց. 12.12.23 ՀՕ-406-Ն)

(հոդվածը 01.03.23 ՀՕ-101-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից)

(21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(18.06.20 ՀՕ-321-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(26.05.21 ՀՕ-215-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(04.06.21 ՀՕ-276-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(01.03.23 ՀՕ-101-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(22.03.23 ՀՕ-120-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(16.11.23 ՀՕ-358-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(12.12.23 ՀՕ-406-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։