Հոդված 307. Հարկ վճարողների իրազեկումը
Հոդված 307. Հարկ վճարողների իրազեկումը
1. Հարկային մարմինը հարկ վճարողի հարցադիմումի հիման վրա Կառավարության լիազորած` ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմնի սահմանած շրջանակներում իրականացնում է իրազեկում:
2. Հարկ վճարողի իրազեկումը հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների կիրառության, ինչպես նաև հարկային մարմնի և հարկային մարմնի պաշտոնատար անձանց պարտականությունների, լիազորությունների և գործողությունների մասին տեղեկության տրամադրումն է:
3. Իրազեկման նպատակով հարկ վճարողը բանավոր և (կամ) գրավոր դիմում է հարկային մարմին: Բանավոր դիմումի դեպքում հարկային մարմինը դիմողի իրազեկումն իրականացնում է դիմումն ստանալուց անմիջապես հետո, իսկ գրավոր դիմումի դեպքում` դիմումն ստանալուց հետո՝ 15 օրվա ընթացքում: Գրավոր դիմումի կապակցությամբ իրավասու այլ մարմին հարցում կատարելու անհրաժեշտության դեպքում դիմումի կատարման ժամկետը կարող է հետաձգվել ևս 15 օրով:
4. Հարկային մարմինը դիմումի կամ դրա որևէ հարցի վերաբերյալ իրազեկում չի իրականացնում, եթե՝
1) հարցը չի առնչվում հարկային մարմնի լիազորությանը.
2) հարցը ենթադրում է պետական, հարկային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկատվության հրապարակում.
3) բացակայում են`
ա. բանավոր դիմումի դեպքում` դիմողի անունը, ազգանունը, իսկ կազմակերպության ներկայացուցչի դեպքում` նաև կազմակերպության անվանումը կամ ՀՎՀՀ-ն,
բ. գրավոր դիմումի դեպքում` դիմողի անունը, ազգանունը, բնակության վայրը և ստորագրությունը, իսկ կազմակերպության ներկայացուցչի դեպքում` նաև կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն կամ գտնվելու վայրը.
4) դիմումը հետապնդում է հարկերի հաշվարկման կամ վճարման կոնկրետ դեպքերի սխալ կամ ճիշտ կատարման հավաստում ստանալու կամ հարկ վճարողի գործունեության և (կամ) փաստաթղթերի փորձաքննության անցկացման նպատակ:
5. Եթե դիմումի կամ դրա որևէ հարցի վերաբերյալ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում իրազեկում չի իրականացվում, ապա հարկային մարմինը հինգ օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է դիմողին` նշելով իրազեկում չիրականացվելու պատճառը և հիմքը:
6. Եթե մեկից ավելի հարց պարունակող դիմումի որևէ հարցի վերաբերյալ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում իրազեկում չի իրականացվում, ապա հարկային մարմինն իրազեկումն իրականացնում է դիմումի մնացած հարցերի վերաբերյալ:
7. Եթե բանավոր հարցի հիման վրա իրազեկում իրականացնելու համար անհրաժեշտ է իրավական ակտից մեջբերում կամ հարկային մարմնի պարզաբանում, ապա հարկային մարմինը դիմողին առաջարկում է ներկայացնել գրավոր դիմում:
8. Հարկային մարմինը հարկ վճարողների իրազեկման աշխատանքների շրջանակներում առավել հաճախ հանդիպող հարցերն ու դրանց վերաբերյալ տրված իրազեկումները (պատասխանները)՝ առանց հարկ վճարողներին վերաբերող տվյալների, տեղադրում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ հետագայում նույն հարցերով տրվող դիմումների հիման վրա իրազեկումներ կատարելու նպատակով հղում է կատարում պաշտոնական ինտերնետային կայքում տրված համապատասխան իրազեկումներին:
(307-րդ հոդվածը լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն, փոփ. 01.03.23 ՀՕ-69-Ն)
(21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)