Հոդված 320. Ստուգման ակտերով (ուսումնասիրության արձանագրություններով, վարչական ակտերով) առաջացող հարկային պարտավորությունների, դեբետային գումարների հաշվառումը
Հոդված 320. Ստուգման ակտերով (ուսումնասիրության արձանագրություններով, վարչական ակտերով) առաջացող հարկային պարտավորությունների, դեբետային գումարների հաշվառումը
1. Հարկային մարմնի կողմից հարկ վճարողի մոտ իրականացված ստուգման (ուսումնասիրության, օպերատիվ-հետախուզական միջոցառումների) արդյունքներով առաջադրված՝ պետական բյուջեի նկատմամբ հարկ վճարողի հարկային պարտավորությունները և դեբետային գումարները, Օրենսգրքի 319-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն, հարկային մարմնի կողմից վարվող անձնական հաշվի քարտում հաշվառվում են Օրենսգրքի 398-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով՝ ստուգման կամ այլ վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող օրը:
2. Ստուգման ակտով (ուսումնասիրության արձանագրությամբ) հարկային պարտավորությունների նկատմամբ տույժերը և տուգանքները հաշվարկվում են մինչև ստուգման ակտը կազմելու օրը՝ առանց հաշվի առնելու դեբետային գումարները (այդ թվում` նույն ստուգմամբ (ուսումնասիրությամբ) արձանագրված լրացուցիչ դեբետային գումարները):
3. Հարկի կանխավճարների լրացուցիչ գումարների նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում:
4. Ստուգման ակտով (ուսումնասիրության արձանագրությամբ) առաջադրված գումարների նկատմամբ դրանց անբողոքարկելի դառնալու երկամսյա և վճարման 10-օրյա ժամկետների համար տույժեր չեն հաշվարկվում:
(320-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, խմբ. 21.06.18 ՀՕ-338-Ն, 01.03.23 ՀՕ-101-Ն)
(21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(01.03.23 ՀՕ-101-Ն օրենքն ունի անցումային դրույթ)