Հոդված 14. Հարկի հաշվարկման կարգը
Հոդված 14. Հարկի հաշվարկման կարգը
1. Հարկի հաշվարկը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար՝ Օրենսգրքի՝ առանձին հարկատեսակներին վերաբերող բաժիններով կամ գլուխներով սահմանված կարգով, բացառությամբ Օրենսգրքով սահմանված դեպքերի:
2. Հարկի հաշվարկը հարկ վճարողները կատարում են ինքնուրույնաբար, բացառությամբ սույն հոդվածի 3-6-րդ մասերով սահմանված դեպքերի:
3. Օրենսգրքով սահմանված դեպքերում հարկի հաշվարկը կատարում են հարկային գործակալները:
4. Օրենսգրքի 5-րդ գլխով սահմանված կարգով իրականացվող համատեղ գործունեության մասով հարկի հաշվարկը, բացառությամբ Օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկերի, կատարում է համատեղ գործունեության պայմանագրով հարկերի ու վճարների հաշվարկման և վճարման պարտավորություն ստանձնած մասնակիցը (այսուհետ՝ համատեղ գործունեության հաշվետու մասնակից), բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերի:
5. Օրենսգրքի 11-րդ և 12-րդ բաժիններով սահմանված դեպքերում հարկի հաշվարկը կատարում են համապատասխան հաշվառող մարմինները:
6. Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված դեպքերում հարկի հաշվարկը, իսկ Օրենսգրքի 6-րդ և 10-րդ բաժիններով սահմանված դեպքերում՝ կանխավճարի հաշվարկը կատարում է (կամ հարկի հաշվարկը ճշտում է) հարկային մարմինը:
7. Հարկի հաշվարկը կատարվում է հայկական դրամով:
(14-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն)