Հոդված 437. Գրավի պայմանագրի կնքումը
Հոդված 437. Գրավի պայմանագրի կնքումը
1. Որպես հարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց` հարկային մարմնի և հարկ վճարողի միջև կարող է կնքվել գրավի պայմանագիր:
2. Գույքի գրավի պայմանագիր կնքելու, գրավով ապահովված հարկային պարտավորությունների կատարման, գրավի պայմանագրի դադարեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ և Օրենսգրքով:
3. Գրավի պայմանագիր կնքելու դեպքում հարկային պարտավորությունները մարելու նպատակով կազմվում է պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույց, որի տևողությունը կարող է սահմանվել մինչև ինն ամիս ժամկետով: Որպես գրավատու կարող է հանդես գալ ինչպես պարտապանը, այնպես էլ երրորդ անձը: Որպես գրավատու երրորդ անձի հանդես գալու դեպքում գրավի պայմանագրին կցվում է նաև պարտապան հարկ վճարողի գրավոր համաձայնությունը՝ գրավի պայմանագրին կից կազմված հարկային պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույցի համաձայն, հարկային պարտավորությունները կատարելու վերաբերյալ:
4. Հարկ վճարողի կողմից իր հարկային պարտավորությունները չկատարելու դեպքում հարկային մարմինն իրավունք ունի այդ պարտավորությունները մարելու՝ ի հաշիվ գրավադրված գույքի՝ «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
5. Գրավի առարկա կարող է հանդիսանալ այն գույքը, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է կիրառվել գրավի իրավունքը: Հարկային մարմնի և գրավատուի միջև կնքվող գրավի պայմանագրով գրավի առարկա չի կարող հանդիսանալ այլ գրավի պայմանագրով գրավի առարկա հանդիսացող գույքը:
6. Եթե գրավի առարկա հանդիսացող գույքը, առանց հարկային պարտավորությունների կատարման, որևէ կերպ իրացվի կամ հանձնվի երրորդ անձի տնօրինմանը, տիրապետմանը կամ օգտագործմանը, ապա գրավի իրավունքը շարունակում է տարածվել գրավադրված գույքի նկատմամբ:
7. Գրավադրված գույքի նկատմամբ ցանկացած գործարքի իրականացումը, անկախ դրա իրականացման նպատակներից, կարող է իրականացվել միայն հարկային մարմնի համաձայնությամբ:
8. Գույքի գրավադրման դեպքում գրավի առարկան կարող է մնալ գրավատուի մոտ կամ գրավատուի միջոցների հաշվին փոխանցվել հարկային մարմնին, որը պարտավոր է ապահովել գրավադրված գույքի պահպանությունը:
9. Գույքի գրավի պայմանագիրը կարող է կնքվել, եթե գրավի առարկայի շուկայական արժեքը գերազանցում է հարկային պարտավորության ապահովման անհրաժեշտ չափն ավելի քան 20 տոկոսով:
10. Հարկային մարմինը գույքի գրավի պայմանագիր կնքելու մասին գրավի առարկայի սեփականատիրոջ առաջարկն ուսումնասիրում է առավելագույնը հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
11. Հարկային մարմինը մերժում է գույքի գրավի պայմանագրի կնքումը, եթե՝
1) ներկայացված գույքի գրավի պայմանագիրը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Օրենսգրքով սահմանված չափանիշներին.
2) գրավի առարկայի շուկայական արժեքը ցածր է վճարման ենթակա հարկային պարտավորության գումարի 120 տոկոսից.
3) գրավի պայմանագրի ժամկետը կամ գրավի առարկայի պիտանիության ժամկետը կարճ է գրավի պայմանագրի ժամանակացույցով սահմանված՝ հարկային պարտավորության կատարման վերջնաժամկետից.
4) հարկային մարմինը տեղեկություններ ունի հարկային պարտավորություններ ունեցող հարկ վճարողի կամ գրավատուի ստանձնած պարտավորությունների կատարումից դիտավորությամբ խուսափելու փորձերի վերաբերյալ:
12. Հարկային մարմինը գույքի գրավի պայմանագիր կնքելը մերժելու դեպքում սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված ժամկետում տեղեկացնում է դիմողին՝ նշելով մերժման հիմքերը:
12.1. Հարկ վճարողի կողմից պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույցով սահմանված ժամկետում գրավով ապահովված հարկային պարտավորությունների կատարման առաջին իսկ խախտման դեպքում հարկային մարմինը խախտման օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողին և գրավատուին ներկայացնում է գրավոր պահանջ՝ գրավով ապահովված հարկային պարտավորությունների կատարման համար:
12.2. Հարկ վճարողի կողմից գրավով ապահովված՝ չկատարված հարկային պարտավորությունները ենթակա են կատարման այդպիսի պահանջը հարկային մարմնից ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
13. Հարկ վճարողի կողմից սույն հոդվածի 12.2-րդ մասում նշված ժամկետում իր պարտավորությունների չկատարման կամ մասնակի կատարման դեպքում հարկային մարմնի այդ պահանջը սահմանող փաստաթուղթը համարվում է անբողոքարկելի վարչական ակտ, որից հետո հարկային մարմինը գրավի պայմանագիր կնքած անձի նկատմամբ կարող է կիրառել անբողոքարկելի վարչական ակտերի համար Օրենսգրքով նախատեսված հարկային պարտավորությունների հարկադիր կատարման ընթացակարգերը:
14. Գույքի գրավի պայմանագրի կնքման և գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու հետ կապված ծախսերը կրում է հարկ վճարողը:
(437-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 21.06.18 ՀՕ-338-Ն, փոփ. 11.04.24 ՀՕ-209-Ն)
(21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)