Անցնել բովանդակությանը
Գլուխ I · Ընդհանուր դրույթներ

Հոդված 2. Օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները

(վերնագիրը խմբ. 11.09.24 ՀՕ-339-Ն)

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) պետական տուրք` պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների, ինչպես նաև կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից իրականացված՝ սույն օրենքով սահմանված գործողությունների համար կազմակերպություններից կամ ֆիզիկական անձանցից (այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջից, նոտարից) Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող՝ օրենքով սահմանված պարտադիր վճար.

2) պետական տուրքի միասնական հաշիվ՝ սույն օրենքով սահմանված դեպքերում պետական տուրք վճարողների հերթական տարեկան (օրենքով սահմանված դեպքերում՝ ամսական և եռամսյակային) պետական տուրքի գծով պարտավորությունների մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող պետական արտաբյուջետային միջոցների ավանդային ենթահաշիվ.

3) պետական տուրքի միասնական հաշվի գումար՝ գումար, որով սույն օրենքով սահմանված կարգով կարող են մարվել պետական տուրք վճարողի հերթական տարեկան պետական տուրքի գծով պարտավորությունները, և որը կարող է առաջանալ՝

ա. պետական տուրքի միասնական հաշվին կատարված վճարումից,

բ. լիազոր մարմինների տրամադրած ճշգրտված տեղեկատվության հիման վրա կատարված վերահաշվարկից,

գ. իրավունքի, թույլտվության, արտոնագրի, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) կամ ծանուցված գործունեության դադարեցման դեպքում սույն օրենքով սահմանված կարգով կատարված՝ պետական տուրքի գումարների համամասնական նվազեցումից,

դ. օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտի կատարման կամ բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշման արդյունքով պարտավորության պակասեցումից.

4) պետական տուրքի պարտավորություն՝ չվճարված պետական տուրքի և օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժի գումար.

5) պետական տուրքի անձնական հաշվի քարտ՝ պետական տուրքի գումարների հաշվառման գրանցամատյան, որտեղ արտացոլվում են հերթական տարեկան պետական տուրքի գումարները, պետական տուրք վճարողի կողմից պետական տուրքի գումարները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու (մասնակի վճարելու) հետևանքով հաշվարկված տույժերի գումարները, պետական տուրքի գծով կատարված վճարումները, ինչպես նաև կատարված վճարումների հաշվին մարված պարտավորությունները.

6) էլեկտրոնային անձնական հաշվի քարտ՝ ինքնաշխատ եղանակով վարվող պետական տուրքի անձնական հաշվի քարտ, բացառությամբ հարկային մարմնի ղեկավարի հրամանով սահմանված դեպքերի, երբ օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտի կամ բողոքարկման հանձնաժողովի որոշման հիման վրա կազմված եզրակացությամբ պետական տուրքի անձնական հաշվի քարտում կկատարվի պետական տուրքի պարտավորության փոփոխություն.

7) պետական տուրք վճարող՝ կազմակերպություն կամ ֆիզիկական անձ (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր, նոտար), որը սույն օրենքով սահմանված դեպքերում ունի կամ կարող է ունենալ պետական տուրք վճարելու պարտավորություն.

8) լիազոր մարմին՝ լիցենզիա, թույլտվություն, իրավունք, որակավորման վկայական, արտոնագիր, ինչպես նաև ծանուցում ներկայացրած անձանց ծանուցման ենթակա գործունեություն իրականացնելու իրավունք տրամադրող պետական կամ ենթակա պետական մարմին կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.

9) էլեկտրոնային գրանցամատյան՝ լիազոր մարմինների կողմից վարվող միասնական գրանցամատյան, որում ներառված տեղեկությունները տրամադրվում են հարկային մարմնին էլեկտրոնային եղանակով, համապատասխան համակարգչային ցանցով, վեբ ծառայությունների միջոցով` լիազոր մարմինների և հարկային մարմնի միջև փոխհամաձայնեցված տեխնոլոգիական մեթոդներով և ձևաչափով:

(2-րդ հոդվածը փոփ. 13.12.00 ՀՕ-123, խմբ. 11.09.24 ՀՕ-339-Ն, լրաց. 03.07.26 ՀՕ-386-Ն)

(11.09.24 ՀՕ-339-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(03.07.26 ՀՕ-386-Ն օրենքի փոփոխությունը գործում է մինչև 2027 թվականի հունվարի 31-ը ներառյալ շահաբաժինների բաշխման մասին որոշման ընդունման կամ շահաբաժինների վճարման մասով)

(03.07.26 ՀՕ-386-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։