Հոդված 22. Դատարաններում պետական տուրքի գծով արտոնությունները
Հոդված 22. Դատարաններում պետական տուրքի գծով արտոնությունները
Դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են.
ա) հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով.
բ) հայցվորները` ալիմենտի գանձման վերաբերյալ հայցերով.
գ) հայցվորները` խեղման կամ առողջության այլ վնասման, ինչպես նաև կերակրողի մահվան հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով.
դ) սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության մարմինները` տուժողին կամ նրա ընտանիքի անդամներին վճարված թոշակիուղղ. և նպաստի գումարները վնաս պատճառողից գանձելու վերաբերյալ ռեգրեսիվ հայցերով.
ե) հայցվորները` հանցագործության հետևանքով իրենց պատճառված նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով.
զ)* («զ» ենթակետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)
է) հայցվորները` օրենքով նախատեսված դեպքերում այլ անձանց` օրենքով պաշտպանվող իրավունքների և շահերի պաշտպանության հարցերով դատարան տրվող դիմումների գծով.
ը)* («ը» ենթակետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)
թ) ոչ առևտրային կազմակերպըություններ և ֆիզիկական անձինք`
- գործը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը բեկանելու, վճիռների կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, վճիռների կատարման եղանակը և կարգը փոփոխելու, հայցերի ապահովման կամ ապահովման մի տեսակը մեկ այլ տեսակով փոխարինելու վերաբերյալ հայցերով.
- երևան եկած նոր հանգամանքների հետևանքով դատարանի վճիռը կամ որոշումը վերանայելու վերաբերյալ գանգատներով.
- դատարանների վճիռներով նշանակված տուգանքների զիջման կամ նվազեցման վերաբերյալ հայցերով.
- դատարանների վճիռների կատարումը շրջադարձելու դիմումներով, բաց թողնված ժամկետները վերականգնելու, ինչպես նաև դատական կատարածուների գործողությունները գանգատարկելու վերաբերյալ դիմումներով.
- տուգանքների զիջումը կամ նվազեցումը մերժելու մասին դատարանների որոշումների դեմ գանգատներով, դատարանների որոշումների դեմ մյուս գանգատներով.
- վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ գանգատներով.
- մշակութային արժեքները ապօրինի տիրապետողից հետ պահանջելու մասին հայց ներկայացնելիս.
ժ) դատախազության մարմինները` պետական շահերի պաշտպանության վերաբերյալ հայցերով.
ժա)* («ժա» ենթակետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)
ժբ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը.
ժգ) վճռաբեկ գանգատ տվող անձի կողմից դատավարության ընթացքում հանդես եկած դատավարության մասնակիցները և երրորդ անձինք` գանգատին միանալու վերաբերյալ հայցերով.
ժդ) դիմողները` ընտրելու և (կամ) ընտրվելու իրենց իրավունքների խախտման վերաբերյալ դիմումներով.
ժե) դիմողները՝ քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումներով.
ժզ) փախստականի կարգավիճակ հայցողները՝ փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումի մերժումը բողոքարկելու վերաբերյալ հայցերով և բողոքներով.
ժէ) փախստականի կարգավիճակ ունեցող անձինք՝ իրենց խախտված բնակարանային իրավունքները վերականգնելու վերաբերյալ հայցերով և բողոքներով.
ժը) հոգեբուժական հաստատությունները՝ քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման ենթարկելու վերաբերյալ դիմումներով.
ժթ) դատական ակտերի հարկադիր կատարողները՝ կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի վերանայման վերաբերյալ դիմումներով:
Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
Քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցի համար պետական տուրք չի գանձվում:
Սույն օրենքի 9 հոդվածով սահմանված պետական տուրքի վճարումից չեն կարող ազատվել անհատ ձեռնարկատերերը և առևտրային կազմակերպությունները` բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասում նշված դեպքերի:
(22-րդ հոդվածը փոփ., լրաց. 28.12.98 ՀՕ-277, 12.10.99 ՀՕ-4, 13.12.00 ՀՕ-123)