Հոդված 27. Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար պետական տուրքի գծով արտոնությունները
Հոդված 27. Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար պետական տուրքի գծով արտոնությունները
(վերնագիրը փոփ. 17.11.17 ՀՕ-202-Ն)
Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են` ա) արտահանվող մշակութային արժեքների հեղինակը, իսկ հեղինակի մահից հետո նրա մահվան հաջորդ տարվա հունվարի 1-ից սկսած` 50 տարվա ընթացքում, նրա ժառանգները.
բ) Հայաստանի Հանրապետության, այլ պետությունների պետական պարգևներով, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների պարգևներով պարգևատրված անձինք` այդ պարգևների գծով` համապատասխան հիմնավորող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում.
գ) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված հեղինակի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող հեղինակի խնամակալը կամ հոգաբարձուն.
դ) պետության և (կամ) համայնքների սեփականությունը հանդիսացող թանգարանները, արխիվները, գրադարանները, մշակութային արժեքների այլ պահոցներն իրենց հավաքածուներում (ֆոնդերում) մշտապես պահպանվող մշակութային արժեքները ժամանակավոր արտահանելիս օրենքով սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում.
ե) երաժշտական համույթները, երաժիշտ կատարողները հյուրախաղերի կամ ուսումնառության մեկնելիս հայրենական կամ արտասահմանյան վարպետների ձեռքով պատրաստված ժամանակավոր արտահանվող երաժշտական գործիքների և նվագարանների համար՝ օրենքով սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում.
զ) (ենթակետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)
Այն անձինք, ովքեր պետությանը նվիրաբերել են մշակութային արժեքներ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված են կամ ենթակա են գրանցման պետական պահպանական ցուցակներում կամ գրանցամատյաններում, նվիրաբերված յուրաքանչյուր արժեքի դիմաց ազատվում են (մեկ անգամ) արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար պետական տուրքի վճարումից:
(27-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277, խմբ., լրաց., փոփ. 13.12.00 ՀՕ-123, խմբ. 06.12.04 ՀՕ-177-Ն, փոփ. 17.11.17 ՀՕ-202-Ն, 02.10.24 ՀՕ-360-Ն)
(հոդվածը 16.04.26 ՀՕ-144-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)