Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
ա) համայնքային ծառայություն՝ քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներից անկախ մասնագիտական գործունեություն, որը կատարվում է համայնքների ղեկավարների աշխատակազմերում՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով այդ մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացման նպատակով.
բ) համայնքային ծառայության պաշտոն՝ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն.
գ) համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկ` սույն օրենքով սահմանված կարգով հաստատված համայնքային ծառայության բոլոր պաշտոնների ցանկ.
դ) համայնքային ծառայող՝ համայնքի ղեկավարի աշխատակազմում համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի) զբաղեցնող անձ.
ե) համայնքային ծառայության պաշտոնի անձնագիր՝ տվյալ պաշտոնն զբաղեցնող համայնքային ծառայողի համար սույն օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները նկարագրող, կառավարչական հմտություններին ունեցած մասնակցության աստիճանը որոշող և տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար համայնքային ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող, ինչպես նաև համայնքային ծառայության դասային համապատասխան աստիճան ունենալու պահանջները սահմանող` սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ.
զ) համայնքային ծառայության դասային աստիճան՝ համայնքային ծառայողի մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորման չափանիշ.
է) համայնքային ծառայողների ատեստավորում՝ զբաղեցրած պաշտոնին համայնքային ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշում.
ը) համայնքային ծառայողների վերապատրաստում՝ համայնքային ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործում.
թ) համայնքային ծառայության կադրերի ռեզերվ՝ համայնքային ծառայության պաշտոններ չզբաղեցնող` սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձանց հանրույթ.
ժ) ծառայողական քննություն՝ սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված դեպքերում և կարգով համայնքային ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննություն.
ժա) տեխնիկական սպասարկում իրականացնող անձ` քաղաքական, հայեցողական, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց լիազորությունների կատարման համար անհրաժեշտ տեխնիկական սպասարկում իրականացնող:
(3-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 30.09.08 ՀՕ-172-Ն)