Հոդված 21. Համայնքային ծառայության կադրերի ռեզերվը
Հոդված 21. Համայնքային ծառայության կադրերի ռեզերվը
1. Համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «զ», «է» և «ժը» կետերով նախատեսված հիմքերով համայնքային ծառայության պաշտոնից ազատված անձինք:
Համայնքային ծառայության ռեզերվում գրանցվում են նաև`
ա) համայնքի ղեկավարի կամ համայնքի ղեկավարի տեղակալի, խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի, ռեֆերենտի պաշտոններ զբաղեցրած անձինք` պաշտոնավարման ավարտից հետո.
բ) համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված անձինք:
2. Համայնքային ծառայության կադրերի ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը մեկ տարի է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը:
3. Համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:
(21-րդ հոդվածը խմբ. 30.09.08 ՀՕ-172-Ն)