Հոդված 39. Դիվանագետների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
Հոդված 39. Դիվանագետների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ անպատշաճ կատարելու, ծառայողական լիազորությունները գերազանցելու, աշխատանքային կարգապահության կանոնները և դիվանագետի էթիկայի կանոնները խախտելու դեպքում դիվանագետի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.
1) նախազգուշացում.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն:
2. Կարգապահական տույժերը կիրառում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
3. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարը կարգապահական տույժերը կիրառում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի համաձայնությամբ:
4. Մինչև կարգապահական տույժ նշանակելը կարգապահական խախտում թույլ տված անձից պահանջվում է գրավոր բացատրություն:
5. Կարգապահական տույժը չի կիրառվում, եթե կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից անցել է երեք ամիս, իսկ կարգապահական խախտում կատարելու օրվանից՝ վեց ամիս:
6. Կարգապահական տույժ կիրառելու մասին անձին հաղորդվում է կարգապահական տույժ կիրառելուց հետո` եռօրյա ժամկետում:
7. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:
8. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժ չի կիրառվել, ապա անձը համարվում է կարգապահական տույժի չենթարկված: