Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-07-10։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 46. Դիվանագետի վարձատրությունը և դիվանագիտական ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցումը

գործել է մինչև 2022-07-10Բացել ARLIS-ում

Հոդված 46. Դիվանագետի վարձատրությունը և դիվանագիտական ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցումը

1. Դիվանագետների վարձատրության հետ կապված հարաբերությունները և առանձնահատկությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին աշխատավարձից բացի, վճարվում է ամսական փոխհատուցում օտարերկրյա պետությունում ծառայության հետ կապված ծախսերի համար՝ համաձայն տվյալ երկրի կենսամակարդակի հիման վրա հաշվարկված գործակցի՝ Կառավարության սահմանած չափով:

3. Նույն դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագետ ամուսինների ծառայության դեպքում ավելի ցածր պաշտոն զբաղեցնող ամուսինն ստանում է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փոխհատուցումը` 50 տոկոսի չափով:

4. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին վճարվում է փոխհատուցում նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար` սույն հոդվածի 2-րդ մասում նշված փոխհատուցման 10 տոկոսի չափով:

5. Դիվանագետի ամուսնու համար սույն հոդվածի 4-րդ մասում նշված փոխհատուցումը չի վճարվում, եթե նա օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում, սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն, զբաղեցնում է դիվանագիտական ծառայության պաշտոն կամ եթե սույն օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն անցնում է աշխատանքի դեսպանընկալ պետությունում:

6. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետի հետ բնակվող երեխաների` հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսման ծախսերը հոգալու նպատակով դիվանագետին վճարվում է փոխհատուցում` Կառավարության սահմանած կարգով և չափով, մինչև երեխայի 18 տարին լրանալը:

7. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին տրամադրվում է նրա դիվանագիտական աստիճանին, զբաղեցրած պաշտոնին և ընտանիքի անդամների թվին համապատասխան բնակարանի համար փոխհատուցում` Կառավարության սահմանած չափով:

8. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու և օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերը, ներառյալ՝ անձնական օգտագործման ուղեբեռի և տրանսպորտային միջոցի տեղափոխման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարին և նրա ընտանիքի անդամներին՝ ծառայության յուրաքանչյուր տարվա ընթացքում մեկ անգամ, իսկ դիվանագիտական ծառայության մարմնում ծառայություն անցնող դիվանագետին և նրա ընտանիքի անդամներին ծառայության ամբողջ ընթացքում մեկ անգամ վճարվում է Հայաստանի Հանրապետությունում արձակուրդն անցկացնելու համար ճանապարհածախսը:

10. Սույն հոդվածի իմաստով օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը և մինչև 18 տարեկան երեխաները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։