Հոդված 11. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմինների ստեղծումը և լուծարումը
Հոդված 11. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմինների ստեղծումը և լուծարումը
1. Հայաստանի Հանրապետության դեսպանությունն ստեղծվում է Կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության և տվյալ օտարերկրյա պետության միջև նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա:
2. Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կարող է լուծարվել Կառավարության որոշմամբ` տվյալ օտարերկրյա պետության հետ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական հարաբերությունները խզելու, ինչպես նաև դեսպանության պահպանումը որևէ պատճառով նպատակահարմար չլինելու դեպքերում:
3. Միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունն ստեղծվում և լուծարվում է Կառավարության որոշմամբ` տվյալ միջազգային կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ միջազգային կազմակերպությունում ընդունված կարգի համաձայն:
4. Հայաստանի Հանրապետության դեսպանության և միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության ստեղծման և լուծարման կազմակերպական հարցերը սահմանում է Կառավարությունը:
5. Հայաստանի Հանրապետության դեսպանությունը և միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով և պայմաններով կարող են միաժամանակ հավատարմագրվել մեկից ավելի օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում:
6. Հայաստանի Հանրապետության դեսպանությունը և միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով և պայմաններով անհրաժեշտության դեպքում կարող են որևէ օտարերկրյա պետության շահերը ներկայացնել այլ օտարերկրյա պետությունում կամ միջազգային կազմակերպությունում:
7. Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետության հետ փոխադարձ համաձայնությամբ կարող է Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնել այլ օտարերկրյա պետությունում կամ միջազգային կազմակերպությունում` ընդունող պետության կամ միջազգային կազմակերպության հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա: