Հոդված 3
Հոդված 3
1. Սույն Կոնվենցիայի նպատակով Պայմանավորվող կողմերը, երկրորդ հոդվածի երկրորդ կետի դրույթներին համապատասխան, կխրախուսեն տարածքային համայնքների և իշխանությունների ցանկացած նախաձեռնություն, որը հիմնված է Եվրոպայի խորհրդի շրջանակներում մշակված տարածքային համայնքների ու իշխանությունների տիպային պայմանավորվածությունների վրա: Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են հաշվի առնել Եվրոպայի խորհդի շրջանակներում մշակված միջպետական երկկողմ և բազմակողմ տիպային համաձայնագրերը՝ նպատակաուղղված տարածքային համայնքների և իշխանությունների միջև համագործակցությունը դյուրացնելուն:
Պայմանավորվածություններն ու համաձայնագրերը կարող են հիմնվել մոդելային և տիպային համաձայնագրերի, կանոնադրությունների, պայմանագրերի վրա, որոնք կցված են սույն Կոնվենցիային. Հավելված 1.1-րդից 1.5-րդ և 2.1-րդից 2.6-րդ` բոլոր այն փոփոխություններով, որոնք պայմանավորված են յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի առանձնահատուկ վիճակով: Այս մոդելային և տիպային համաձայնագրերը, կանոնադրությունները և պայմանագրերը չունեն միջազգային պայմանագրի ուժ և ուղեցույցի բնույթի են:
2. Եթե Պայմանավորվող կողմերը անհրաժեշտ համարեն կնքել միջպետական համաձայնագրեր, ապա այդ փաստաթղթերը կարող են ամրագրել այն շրջանակը, ձևերը, սահմանները, որոնց շրջանակներում կարող են գործել անդրսահմանային համագործակցության մեջ ներգրավված տարածքային համայնքները և իշխանությունները: Յուրաքանչյուր համաձայնագիր կարող է սահմանել այն տարածքային համայնքները և իշխանությունները, որոնց վրա տարածվում է դրա գործողությունը:
3. Վերոհիշյալ դրույթները չեն խոչընդոտում Պայմանավորվող կողմերի հնարավորությունը` ընդհանուր համաձայնությամբ կիրառելու անդրսահմանային համագործակցության այլ ձևեր: Նմանապես` սույն Կոնվենցիայի դրույթները չպետք է մեկնաբանվեն որպես համագործակցության արդեն գոյություն ունեցող համաձայնագրերը անվավեր դարձնող:
4. Համաձայնագրերն ու պայմանավորվածությունները պետք է կնքվեն` հաշվի առնելով Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի ներպետական օրենսդրությամբ սահմանված իրավազորությունը միջազգային հարաբերությունների և ընդհանուր քաղաքականության վերաբերյալ, իրավազորության, ինչպես նաև այնպիսի հսկողության և վերահսկողության կանոնները, որոնց ենթակա են տարածքային համայնքները կամ իշխանությունները:
5. Այդ նպատակով Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը սույն Կոնվենցիան ստորագրելիս կամ ավելի ուշ կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հայտնել այն իշխանության մարմինների անվանումները, որոնք, ներպետական օրենսդրության համապատասխան, իրավասու են տարածքային համայնքների ու իշխանությունների գործունեության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնելու համար: