Հոդված 12. Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների նյութական ապահովությունը
Հոդված 12. Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների նյութական ապահովությունը
1. Սահմանադրական դատարանի անդամի գործունեությունը երաշխավորելու նպատակով պետությունը նրա համար ապահովում է կյանքի և աշխատանքի արժանավայել պայմաններ։
2. Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների վարձատրության չափը սահմանվում է օրենքով։ Սահմանադրական դատարանի նախագահին և անդամներին վճարվում է նաև հավելավճար` սահմանադրական դատարանի անդամի, դատավորի պաշտոնում աշխատանքի ստաժից ելնելով` դատավորների համար նախատեսված կարգով:
3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների դադարման դեպքերում նրան տրվում է կենսաթոշակ՝ իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի 75 տոկոսի չափով:
Սահմանադրական դատարանի նախագահի և անդամի պաշտոնային դրույքաչափի կամ հավելավճարի ավելացման դեպքում կենսաթոշակները համամասնորեն վերահաշվարկվում են:
4. Սահմանադրական դատարանի նախագահն ու անդամներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք՝ 30 աշխատանքային օր տևողությամբ։
5. Սահմանադրական դատարանի ծանրաբեռնվածությունից ելնելով՝ սահմանադրական դատարանի նախագահը կարող է սահմանադրական դատարանի անդամներին արձակուրդից հետ կանչել:
Արձակուրդից հետ կանչվելու դեպքում սահմանադրական դատարանի անդամը պահպանում է արձակուրդի չօգտագործված օրերն օգտագործելու իրավունքը: