Անցնել բովանդակությանը
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸԳլուխ 8 · ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

Հոդված 25. Կենտրոնական բանկի խորհրդի նիստերը

գործել է մինչև 1996-12-13Բացել ARLIS-ում

Հոդված 25. Կենտրոնական բանկի խորհրդի նիստերը

1. Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությամբ վերապահված հարցերը լուծվում են Կենտրոնական բանկի խորհրդի նիստերում:

2. Կենտրոնական բանկի խորհրդի նիստերը գումարվում են երկու շաբաթը մեկ անգամ ուրբաթ օրերին: Կենտրոնական բանկի խորհրդի արտահերթ նիստեր կարող են գումարվել Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալի կամ խորհրդի առնվազն երեք անդամների պահանջով:

3. Կենտրոնական բանկի խորհրդի նիստերը կարող են լինել բաց կամ փակ: Բաց նիստերին կարող են մասնակցել Կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև հրավիրված անձինք: Փակ նիստեր կարող են գումարվել, եթե քննարկվում են առանձին բանկերի հետ կապված հարցեր, որոնք բանկային գաղտնիք են պարունակում կամ քննարկվում են խորհրդի անդամներին վերաբերվող հարցեր: Կենտրոնական բանկի փակ նիստերին կարող են մասնակցել միայն Կենտրոնական բանկի խորհրդի անդամները և խորհրդի կողմից հրավիրված անձինք:

4. ԿԲ-ի խորհրդի նիստի օրակարգը հաստատվում է խորհրդի կողմից:

5. Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունել, եթե նիստին ներկա են խորհրդի անդամներից առնվազն հինգը, այդ թվում Կենտրոնական բանկի նախագահը կամ նրա տեղակալը: Խորհրդի որոշումները ընդունվում են նիստին ներկա գտնվող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Կենտրոնական բանկի նախագահի, իսկ վերջինիս բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում` նրան փոխարինող անձի ձայնը վճռորոշ է: Բացառիկ դեպքերում Կենտրոնական բանկի խորհրդի որոշումները կարող են ընդունվել նաև հարցման կարգով:

6. Կենտրոնական բանկի նիստերը նախագահում է Կենտրոնական բանկի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում` նրա տեղակալը: Կենտրոնական բանկի նախագահը վարում է խորհրդի նիստը, ձայն է տալիս զեկուցումների և նյութերի համար, կազմակերպում է մտքերի փոխանակություն, քվեարկության է դնում խորհրդի որոշումների նախագծերը:

7. Կենտրոնական բանկի խորհրդի որոշումները ստորագրում է Կենտրոնական բանկի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարիության դեպքում` նրա տեղակալը: Կենտրոնական բանկի խորհրդի նիստերում ընդունված որոշումների հակառակ էջի վրա, մինչև Կենտրոնական բանկի նախագահի կողմից ստորագրվելը, ստորագրում են նիստին ներկա խորհրդի անդամները: Կենտրոնական բանկի խորհրդի անդամները պարտավոր են մեկ աշխատանքային օրվա ընթացքում որոշման հակառակ էջի վրա ստորագրել կամ գրավոր հրաժարվել ստորագրելուց` նշելով հրաժարման հիմքերը:

8. Կենտրոնական բանկի խորհրդի նիստերն արձանագրվում և սղագրվում են: Կառավարության լիազոր ներկայացուցիչը, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի ընդունած որոշմանը դեմ քվեարկած անդամը կարող է պահանջել նիստի արձանագրությամ մեջ իր կարծիքի մանրամասն արտացոլում:

9. Կենտրոնական բանկի խորհրդի նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, խորհրդի նիստում ընդունված որոշումների նախագծերը նախապատրաստող կառուցվածքային ստորաբաժանումները նիստի արձանագրության հիման վրա լրամշակում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշումները և դրանք մագնիսական կրիչներով ներկայացնում են Կենտրոնական բանկի խորհրդի աշխատակազմ:

10. Կենտրոնական բանկի խորհրդի որոշումները` բացառությամբ «գաղտնի» և «ծառայողական օգտագործման համար» նշագիր ունեցող որոշումների, նախագահի կողմից ստորագրվելուց հետո տասնօրյա ժամկետում հրապարակվում են:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։