Հոդված 11
Հոդված 11.
Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 231.2-րդ հոդվածով.
«Հոդված 231.2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը
1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե՝
1) վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ
2) վերանայվող դատական ակտը հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունված դատական ակտին, կամ
3) ստորադաս դատարանի կողմից դատավարական կամ նյութական իրավունքի խախտման արդյունքում հնարավոր դատական սխալը կարող է առաջացնել ծանր հետևանքներ, կամ
4) առկա են նոր երևան եկած հանգամանքներ:
2. Վճռաբեկ դատարանին ներկայացված վճռաբեկ բողոքների` սույն օրենսգրքի 230 հոդվածի և սույն հոդվածի առաջին կետի պահանջներին դրանց համապատասխանությունը պարզելու և քննության ընդունելու հարցը լուծում է վճռաբեկ դատարանը` վճռաբեկ դատարանի նախագահի և պալատի դատավորների կազմով:
3. Վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվում, եթե վարույթ ընդունելու օգտին քվեարկել են վճռաբեկ դատարանի դատավորներից առնվազն երեքը: Վճռաբեկ դատարանի այդ որոշումը բողոքարկման ենթակա չէ:
4. Վճռաբեկ բողոքի լրացում չի թույլատրվում, բացառությամբ սույն օրենսգրքի 231.3 հոդվածով նախատեսված դեպքի:
5. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո վճռաբեկ դատարանը որոշմամբ կարող է կասեցնել դատական ակտի կատարումը:
6. Վճռաբեկ դատարանի որոշումները պատշաճ ձևով ուղարկվում են բողոք բերող անձին և գործին մասնակցող անձանց:»: